Մատչելիության հղումներ

Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքը և կալանավորման մասին որոշումն անհիմն են․ Փաստաբաններ


Շիրակի պետական համալսարանը, արխիվ
Շիրակի պետական համալսարանը, արխիվ

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքը և կալանավորման մասին որոշումը Ֆարմանյանի փաստաբաններն անհիմն են համարում։

Նման որոշում կայացրել է Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ։

Հուլիսի 10-ին դատախազությունը տեղեկացրել էր, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատախազության՝ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու հնարավորություն տալու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

Ֆարմանյանի փաստաբանները մտահոգված են տեղի ունեցող գործընթացներով: «Քրեական հետապնդումները, հատկապես, երբ երկրում իշխանափոխություն է տեղի ունենում, պետք է լինեն հնարավորինս թափանցիկ, որպեսզի և՛ հանրության մոտ, և՛ հետապնդման ենթարկվող անձանց մոտ չառաջացնի մտայնություն, որ սա պարունակում է քաղաքական հետապնդման էլեմենտներ»,- ասում է Անահիտ Ֆարմանյանի փաստաբաններից Նարեկ Ալոյանը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք քաղաքական հետապնդում է սա, Ֆարմանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը խուսափեց որակումներից, ասելով միայն, թե այն, ինչի ականատեսն է լինում, գոնե իրավական հետապնդում չի կարող համարել։ «Որպես իրավաբան, կարող եմ ասել, որ այն, ինչի ականատեսն եմ, չեմ համարում իրավական հետապնդում, որովհետև իրավական հետապնդման հիմքեր չկան։ Սա իրավական պրոցես չէ, կարող է լինել քաղաքական, անձնական կամ որևիցե այլ պատճառով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Անահիտ Ֆարմանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իրեն առնչվող այս գործընթացներին, մասնավորապես, նշել է․ «Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին: Նախ բանսարկությունների, ապաև ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց» մեղավոր, և այդ «մեղավորը» պարզվեց՝ ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը»:

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն՝ նրա փաստաբանները դա ևս անհիմն են համարում։ Ասում են՝ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու դեպք չի եղել, իսկ Ֆարմանյանը գտնվում է արձակուրդում։ Մինչ նրա վերադառնալը փաստաբանները մտադիր են բողոքարկել մեղադրանքի առաջադրման և խափանման միջոցի ընտրության մասին որոշումները:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք մեղադրանքի առաջադրումը անակնկալի է բերել Անահիտ Ֆարմանյանին, փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանեց՝ ոչ միայն Ֆարմանյանին, նաև փաստաբաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG