Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի-Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում ու Զաքյան փողոցում՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Խորենացի փողոց։
Ըստ հաղորդագրության, միաժամանակ, ժամը 15-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։
Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: