«Հայ ազգային կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․
«2008 թ.-ի մարտիմեկյան ոճրագործության բացահայտման նպատակով ձեռնարկված քայլերով կառավարությունն ու իրավապահ մարմինները առաջընթաց են գրանցում Հայաստանում արդարադատության հաստատման ուղղությամբ` քայլ կատարելով նաև պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, անհերքելի է, որ մարտիմեկյան ոճրագործությունը չի սահմանափակվել միայն մարտի 1-2-ին խաղաղ ցուցարարների գնդակոծությամբ և բռնություններով, այլ դրանից առաջ և հետո` ամիսներ ընդգրկող ժամանակաշրջանում, տարածվել է հազարավոր քաղաքացիների վրա` բազմաբնույթ հալածանքների և հետապնդումների տեսքով:
Ավազակապետական իշխանության հրահանգով մարդիկ զանգվածաբար զրկվել են ազատությունից` դատարանի` ակնհայտորեն անարդար վճիռների հետևանքով, հեռացվել են պետական համակարգից կամ աշխատանքից, ունեզրկվել են` կորցնելով սեփականությունը կամ բիզնեսը, ի վերջո` հաճախ կորցրել են նույնիսկ աշխատանք գտնելու իրավունքը` հարկադրված բռնելով գաղթի ճանապարհը: Նրանցից շատերը չեն դիմել իրավունքների պաշտպանության օրենքով սահմանված միջոցների, գիտակցելով դրա անհեռանկարայնությունը, քանզի բռնապետության պայմաններում արդարադատությունը չէր գործում, հակառակը այն դարձել էր ռեժիմի ձեռքում մի պատժիչ գործիք:
Նոր, ժողովրդավարական Հայաստանը պարտավոր է ոչ միայն պատժելու հանցագործներին, այլ նաև վերականգնելու բոլոր քաղաքացիների իրավունքները,որոնք ոտնահարվել են բռնապետության կողմից հենց ժողովրդավարության և սահմանադրական կարգը պահպանելու համար պայքարի ելած քաղաքացիներին հալածելու նպատակով։ Ցավոք, գործող օրենսդրությամբ, անգամ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում, քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը բախվում է բազմապիսի օբյեկտիվ խոչնդոտների, քանի որ տասնամյա ժամանակահատվածում սպառվել են բողոքարկումների համար նախատեսված վաղեմության ժամկետները:
Ուստի, հազարավոր քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանության կողմից մի ամբողջ իրավա֊քաղաքական գործընթացի նախաձեռնում, որը կներառի արդարադատության վերականգնման հատուկ մարմինների ստեղծում և անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունում»,- հայտարարում է ՀԱԿ-ը և բերելով միջազգային փորձից օրինակներ, հավելում․
«Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է Հայաստանի կառավարությանը նույնպես նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց: Այդ նպատակով ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է` ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում` կրած զրկանքների դիմաց»: