Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունը փորձելու է արտերկրից ետ վերադարձնել «ապօրինի կերպով երկրից դուրս բերված գումարները» 


Հայաստանի նոր կառավարությունն ակնկալում է Համաշխարհային բանկի միջոցով վերադարձնել անցած տարիներին երկրից ապօրինի կերպով դուրս բերված գումարների գոնե մի մասը։ Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն օրեր առաջ նամակ է գրել Համաշխարհային բանկին` Հայաստանից դուրս բերված հանրային միջոցների վերադարձի գործընթաց սկսելու համար։

«Ազատության» հետ զրույցում Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ Տնտեսական հիմնախնդիրների ուսումնասիրության ծառայության ղեկավար Գոռ Ծառուկյանն ասաց՝ գոյություն ունի Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի ձևավորած STAR գործիքը, որի միջոցով հնարավոր է երկրորդ երկրի իրավապահների օգնությամբ հայտնաբերել ապօրինի ճանապարհով գումարներ դուրս բերած ընկերություններն ու մի քանի ընթացակարգերի (այդ թվում դատական գործընթացի) միջոցով վերադարձնել այդ գումարները։

Ծառուկյանը վկայակոչում է Global Financial Integrity միջազգային կազմակերպության հաշվարկները, ըստ որոնց՝ 2004-2017 թվականներին Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 6-14 միլիարդ դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 11,5 միլիարդ դոլար։

«Դրանք կարող են լինել ինչպես փողերի լվացման զանազան մեխանիզմներով դուրս բերված միջոցներ, որոնք պարտադիր չէ, որ իշխանության ներկայացուցիչները հանարծ լինեն, որպեսզի օգտվեն այդ միջոցներից, այնպես էլ կարող են լինել օֆշորային գոտիներում ձևավորված հաշիվների վրա ապօրինի ճանապարհով դուրս բերված միջոցներ, որոնք ևս պարտադիր չէ, որ իշխանության ներկայացուցիչները դուրս բերած լինեն։ Ինչպես նաև կարող են լինել օրինական ճանապարհով դուրս բերված միջոցներ, բայց Հայաստանում դրանց ձեռք բերման մեխանիզմները լինեն ոչ օրինական։ Դրանք տարբեր իրավիճակներ են»,- «Ազատությանն» ասաց Գոռ Ծառուկյանը։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի նախկին իշխանությունները մեղքի իրենց բաժինն ունեն միջոցների դուրս բերման մեջ, կառավարության աշխատակիցը պատասխանեց․ «Եթե լինեին ավելի հետևողական, ապա խոսքը չէր լինի 6-14 միլիարդ դոլարի մասին»:

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, «Ազատության» հետ զրույցում ողջունելով նոր կառավարության այս նախաձեռնությունը, ընդգծում է` ապօրինի դուրս բերված գումարներով կարելի է, օրինակ, մարել Հայաստանի արտաքին պարտքը։ Տնտեսագետը պնդում է՝ նախկին իշխանություններին չեն հետաքրքրել այդ թվերը, հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկեին, ավելին՝ հենց նրանց ամենաթողության հետևանքով են գումարներն ապօրինի կերպով դուրս եկել Հայաստանից։ Խաչատրյանը, որպես օրինակ, բերում է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային հայտնի սկանդալը:

«Եթե չլիներ այս թալանը, եթե մեր մոտ չլիներ ապօրինի հարստացման հովանավորությունն իշխանության կողմից, քաղաքական այդ ուժի, որը կոչվում է ՀՀԿ, ապա մենք ընդհանրապես այլ երկրում կապրեինք: Եվ հիմա մենք կխոսեինք ոչ թե ապօրինի հարստացման արդյունքում այդ միջոցները հետ բերելու, այլ այն մասին, թե վաղը Հայաստանում ինչ ավելի հետաքրքիր միջոցառում կլիներ»,- նկատում է Վահագն Խաչատրյանը։

Իշխանափոխությունից հետո ապօրինի հարստացման հոդվածով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորներից մի քանիսին, մասնավորապես, նրա եղբայր Լյովա Սարգսյանի ընտանիքի անդամներին, նաև Սերժ Սարգսյանի թիկանզորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին ու վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին։

Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ կարիք կա ստուգելու նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի շուրջ ձևավորված կասկածները։ Ըստ նրա, այդ ամենը հիմք կհանդիսանա, որ STAR-ի միջազգային գործիքը կիրառվի։

«Մենք պետք է սպասենք, որ այդ մարդիկ դատվեն, օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և այդ շրջանակներում գումարները, որ տարիների ընթացքում իրենք գրպանել են, ժողովրդից ուղղակի գողացել են, հետ բերվեն»,- ասում է տնտեսագետը, հավելելով՝ Հայաստանում ապօրինի հարստացման և նույն եղանակով գումարներ դուրս բերելուն անմիջականորեն առնչվող առաջին ճյուղը հանքարդյունաբերությունն է, երկրորդը՝ առևտուրը։

Համաձայն STAR-ի տվյալների, վերջին 21 տարում այս գործիքի միջոցով Ֆիլիպինների իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 1 միլիարդ դոլար: 2007 թվականին Պերուի իշխանություններն էլ օֆշորային գոտիներից վերադարձրել են 174 մլն դոլար: Նիգերիան 700 մլն դոլար է վերադարձրել շվեյցարական բանկերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG