«Հայ ազգային կոնգրեսը» Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․
«Ինչպես հայտնի է երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ, ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։
Այս ամենը մենք դիտում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Ուստի, հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին և համակիրներին՝ միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»:
Երկուշաբթի օրը վերաքննիչը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: