Մատչելիության հղումներ

Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան


Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, այսօր ֆեյսուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումն այլընտրանք չունի։

«Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհն այլընտրանք չունի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եղանակներով և ձևերով», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ուզում եմ նաև ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, մեր իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ Հայաստանի պետականության առաջ, ժողովրդի առաջ, օրինականության առաջ և մենք նաև այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել պետական բյուջե և ծառայեցնել մեր ժողովրդի և պետության կարիքներին։ Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության։ Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ, ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին»։

Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, Փաշինյանն ասաց՝ Հայաստանում գոյություն չունի որևէ ուժ որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ։

«Հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը, ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում», - հայտարարեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG