Մատչելիության հղումներ

Ցուցարարները Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու պահանջով դատախազության շենքի մոտ են


Սարգիս Քլոյան
Սարգիս Քլոյան

«Պրիվե՛տ, Ռոբ», բողոքի ակցիայի մասնակիցներն, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ են։

Նրանք պահանջում են, որպեսզի միջնորդություն ներկայացվի Վճռաբեկ դատարան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար։

«Մեր հիմնական ասելիքն է, որ այսօր անմիջապես ձերբակալեն Ռոբերտ Քոչարյանին։ Մեր ակնկալիքը դա է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման տա դատախազությանը, որ ձերբակալեն մարդասպանին։ Եթե գործը մտավ Վճռաբեկ դատարան, ես հավատում եմ, որ կբացահայտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Քլոյանը՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը։

Դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ իրենց ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել ցուցարարների հետ։

Երկուշաբթի օրը վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: «Մարտի 1-ի» գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG