Այսօր Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան:
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը համատեղ աշխատանքի լավ օրինակ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը թույլ կտա ապահովելու սպառազինությունների հավասարակշռություն Կասպից ծովում, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության համար կմիավորի հնգյակի ջանքերը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ փաստաթուղթը հիմք կհանդիսանա հետագայում որոշակիացնելու յուրաքանչյուրի չափաբաժինը Կասպից ծովում:
Նախագահները նաև երկկողմ հանդիպումներ են ունենում:
Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում էին ավելի քան երկու տասնամյակ: Հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր: