Դատարանը բավարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հենրիկ Աբրահամյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», Հատուկ քննչական ծառայության քննիչը նախկին վարչապետի եղբորը կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:
ՀՔԾ-ի պնդմամբ՝ Հենրիկ Աբրահամյանը «ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ»:
Նշված տարածքում խուզարկությունից հետո Ամբիկ Գևորգյանն ու Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել էին: «Ազգային անվտանգության ծառայությունը և Հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը», - նշված էր Ազգային անվտանգության ծառայության օգոստոսի 8-ի հաղորդագրությունում: