«Մենք փորձել ենք ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում», ֊ այսօր Դիլիջանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում Դաշնակցության հայտարարությունը պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի առաջադրման և նրա կալանավորման վերաբերյալ։
Դաշնակցական երեք պատգամավորներ միացել են Քոչարյանին ազատ արձակելու ստորագրահավաքին։ Հեղափոխությունից հետո իշխանության մաս կազմող այս քաղաքական ուժը պաշտոնաթող նախագահի կալանավորումից հետո հայտարարել էր՝ Ռոբերտ Քոչարյանին և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքները, ինչպես նաև նշանակված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մանրամասները տե՛ս այստեղ