Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հանդիպումներից մեկի ժամանակ, 10-ը օգոստոսի, 2018թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հանդիպումներից մեկի ժամանակ, 10-ը օգոստոսի, 2018թ․

«Ընտրակաշառքով ընտրություններ անողները բոլորը բռնվելու ու դատվելու են, հետո չասեք՝ քաղաքական հետապնդում է», - շաբաթ օրը Իջևանում քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառվի ընտրակաշառքով ընտրելը: Ով որ ընտրակաշառքով ձայն է տալիս, նա քանդում է իր երեխայի ապագան»», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Բայց, տեսեք խնդիրը՝ Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են, հետո չասեք, թե վայ, քաղաքական հետապնդում է, բոլորը բռնվելու են և դատվելու են»:

«Բայց խոսքը սրա մասին չէ, խոսքը նրա մասին է, որ պետք է քաղաքացին չթողնի, որ դրանք շեմքից ներս մտնեն: Փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես, որովհետև փողով ընտրություն կատարելով, մի կիլո բրնձով ընտրություն կատարելով դուք էդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ թալանեն», - շեշտեց վարչապետը:

«Ես նախկինում էլ ասել եմ, Ազգային ժողովի ամբիոնից տասնյակ անգամ ասել եմ, որ իշխանությանը ձեռնտու է, որ Հայաստանում բնակչությունը լինի աղքատ: Ինչու է ձեռնտու՝ որովհետև եթե մարդը աղքատ չի, 5 հազար, 10 հազար դրամ ընտրակաշառքով իրեն չես շահագրգռի, 5 հազար, 10 հազարով հնարավոր է շահագրգռել նրան, ով աղքատ է: Եվ իշխանությունը, այո, իշխանությունը, օլիգարխիան, մարդկանց պահել են աղքատության մեջ, որ վերջում քիչ փող ծախսեն ընտրության վրա և էդ ծախսածն էլ արդյունավետ լինի: Եվ սա եղել է պետական քաղաքականություն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասում եմ, որ մենք մտածում ենք, որ ոչ թե քաջալերենք աղքատությունը, մարդկանց քաջալերենք, որ նրանք շարունակեն աղքատ մնալ, այլ քաջալերենք, որ նրանք աշխատեն, և հաղթահարենք մենք իրար հետ աղքատությունը», - ասաց վարչապետը:

Այսօր Նիկոլ Փաշինյանի Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրն է: Առավոտյան Ենոքավան համայնք այցելելուց հետո Իջևանում՝ Տավուշի մարզպետարանի շենքում, վարչապետը պատասխանեց քաղաքի և հարակից համայնքների բնակիչների մի շարք հարցերին:

Նախատեսվում է, որ օրվա ավարտին Փաշինյանը վերադառնալու է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG