Լոռու մարզի Հագվի գյուղում, Սեդվի գետակի վրա ՀԷԿ կառուցելու նպատակով էր լինելու հանրային լսումը։ Չկայացավ. գյուղամիջում հավաքված գյուղացիների «ոչ»-ը նախապես հասել էր «Սեդվի Էներգո» ընկերության գյուղ շտապող ներկայացուցիչներին։ Զանգեցին, թե ճանապարհը փակ է, հետո, թե՝ մեքենան փչացել է ու չեն կարողանում գյուղ հասնել։
«Գյուղի սիմվոլը Սեդվինա», - ասում են գյուղացիները:
«Սեդվի Էներգոն» երկու տարի առաջ էլ մերժող պատասխան էր ստացել թե՛ գյուղացիներից և թե՛ ավագանուց ու գյուղապետից։ Երկու տարվա մեջ շատ բան է փոխվել։ Հագվին արդեն հարևան Օձունին միացված բնակավայր է, բայց, միևնույնն է, իրենց խորհրդանիշը համարվող Սեդվի գետի ջրի մեծ մասը հիդրոկայանի բիզնեսին տալ չեն ուզում, կարծիք չեն փոխել։
«Մեր միրգը գնացելա մինչև պալիտբյուրո, էդքան համեղա», - պատմում են հագվեցիները, - «Հմի էկել են՝ ճարպիկ մարդիկ ջուրը ձեռներուցս խլում են»:
Գյուղացիներն առանց ծրագրի հեղինակների ժողով արեցին։ Եվս մեկ անգամ ամրագրեցին իրենց «ոչ»-ը, թե՝ Հագվին խողովակների մեջ առնելու գետ չունի։
Գյուղում տասնյակ միլիոնների ներդրում կատարած Ռուսլան Կիրակոսյանն ասում է, որ իր հատապտուղների այգիները ոռոգելու միակ աղբյուրը Սեդվի գետն է։ Հագվիի գյուղապետարանում հայտարարեց, թե ՀԷԿ-ի կառուցման դեպքում երեք հեկտար այգիներն ու ստեղծած ավելի քան 20 աշխատատեղը վտանգի են ենթարկվելու։ Շեշտեց՝ ձկնորս է, եղել է մարզի բոլոր գետերում։ Աչքով է տեսել. ՀԷԿ-եր ունեցող գետերի տեղում այսօր քարակույտ է, ջուր չկա, օրինակ Մարցում, որտեղ գյուղացիների կարծիքի հետ այդպես էլ հաշվի չնստեցին։
ՀԷԿ կառուցելու նախաձեռնություն ունեցող «Սեդվի էներգո» ընկերության հիմնադիր-սեփականատերը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանի որդին է՝ Սարգիս Գաբայանը։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց՝ կառավարության անդամի որդի լինելու փաստը չի օգտագործելու հօգուտ իր բիզնեսի և առանց գյուղացիների համաձայնության ոչ մի դեպքում գործը չի ձեռնարկի։
«Մայրիկը ջրային կոմիտեի նախագահն ա, դա չի նշանակում, որ ես պիտի հրաժարվեմ իմ գործունեությունից, որը պահում եմ արդեն 15 տարուց ավել», - հավելեց նա:
Սարգիս Գաբայանը նշեց, որ ընկերությունը ջրօգտագործման և Սեդվի գետի վրա անգամ երկու ՀԷԿ կառուցելու թույլտվություն է ստացել դեռ 2010 թվականին։ Այն ժամանակ Հագվին շահառու չի եղել։ Սեդվի գետը հարակից Կաճաճկուտ և Աքորի գյուղերի վարչական տարածք է համարվել։ 10 տոկոս բաժնեմասով ընկերության փայատեր է դարձել Աքորու արդեն նախկին գյուղապետ Կամո Սիմոնյան ու իրար կից համայնքների համաձայնություն ձեռք բերել «Սեդվի էներգո» ընկերության համար, որի համասեփականատերն էր: Բայց իրավական բոլոր ատյաններով անցնելուց հետո հաշվարկել ու գտել են, որ փոքր գետի վրա երկու ՀԷԿ կառուցելը շահավետ չէ։ Երկու տարի որոշել են փոփոխություններ կատարել նախագծում ու նորից ստանալ համայնքների համաձայնությունը, ինչին արդեն դեմ է կանգնել Հագվին։ Անցած տարվա դեկտեմբերին մեկ հիդրոէլեկտրակայան կառուցելու փոփոխված նախագծի համար ջրօգտագործման թույլտվություն ստացել են, բայց հանրության դրական կարծիքն անհրաժեշտ է գործը մինչև վերջ տանելու և շինարարության թույլտվություն ստանալու համար։
«Ես կաշառքով չեմ գնալու մարդու ձեն առնեմ, հետո էլ էդ փողը պրծնի՝ գան իմ վրա բոչկա գլորեն, Մարցի նման մի հատ պատմություն դառնա», - ասում է «Սեդվի էներգո»֊ի նախագահը: - «Կգանք ընդհանուր հայտարարի՝ կանենք, չենք գա՝ չենք անի: Բայց, ամեն դեպքում, իմ իրավունքն ա, որ փորձեմ հասնեմ էդ համաձայնությանը»:
Սարգիս Գաբայանը հավելեց՝ արդեն խոշորացած Օձուն համայնքի ղեկավարին խոստացել են համայնքում մեծ ներդրումներ անել, մասնավորապես, հատապտուղների վերամշակման գործարան կառուցել, աշխատատեղեր ստեղծել։ Մտադիր են այդ մասին հայտնել նաև գյուղացիներին, որոնք, մինչդեռ, նոր ստորագրահավաք են կազմակերպել՝ մերժելու ծրագիրը։
«Արա, էնա դեմ ենք էլի, խու զոռով չի», - ասում են գյուղացիները: