Մատչելիության հղումներ

«Չերյոմուխա-7»-ի կրակից ծանր վիրավորված երիտասարդը երբեք պետությունից աջակցություն չի ստացել


«Չերյոմուխա-7»-ի կրակից վիրավորում ստացած Խաչիկ Դավթյանը
«Չերյոմուխա-7»-ի կրակից վիրավորում ստացած Խաչիկ Դավթյանը

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների մասնակից, «Չերյոմուխա-7»-ի կիրառումից կրկնակի վիրավորում ստացած Խաչիկ Դավթյանը 10 տարի շարունակ պետությունից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել, թեև ունի ոտքի լուրջ վնասվածք։ Դավթյանն ասում է՝ անգամ հաշմանդամության կենսաթոշակ չի ստանում։ Պատմում է, որ այդ իրադարձությունների մասնակիցը լինելու պատճառով տարիներ շարունակ աշխատանքի չի կարողացել ընդունվել ու վերջանականապես հուսահատվել է: Վնասված աջ ոտքն էլ հերթական վիրահատության կարիքն ունի, բայց վիրահատվելու հնարավորություն չունի:

43-ամյա Խաչիկ Դավթյանն ապրում է Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղում: Նա պատմում է, որ 2008 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված բողոքի բոլոր ցույցերին ներկա է եղել, գիշերել է Ազատության հրապարում։ Պատմում է նաև, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանական ուժերը սկսեցին ցրել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներն:

«Պալատկայի դիմաց նստած էի, խարույկի կողքը, կարտոլ էինք գցել կրակի մեջ: Էդ մոմենտին մտան կարմիր բերետավորները, մասկաներով։ Իրանք որ մտել էին, մենք չպատկերացրինք, որ տենց կկոտորեն, տենց կջարդեն, կտշեն, կխփեն։ Ես օպերայում դուբինկայի հարված եմ կերել բերանիս, դիմացիս ատամները լրիվ փշրվեցին»,- վերհիշում է Դավթյանն ու շարունակում՝ արդեն Մյասնիկյանի արձանի մոտ ոստիկաններից հարցուփորձ են արել, թե ինչ է կատարվում ու ինչ են պատրաստվում անել: Ստացել են միևնույն պատասխանը. «Մեր հարցուփորձը կամ մնում էր անպատասխան, կամ էլ ասում էին՝ քանի շուտ ա, ով կարում ա՝ թող փախնի, թե չէ, հեսա սաղիդ ջարդելու են»:

Ասում է՝ Լեոյի փողոցում «Չերյոմուխա 7»-ից կիրառումից աջ ոտքից վիրավորվել է․ «Փշալարեր էին քաշած, առաջինը մենք արդեն հավաքել էինք, մեզ վնասելով, ճղելով: Ոտքս լրիվ կտրված էր՝ 13 սմ: Կրունկս մի կաշի էր պահում, վերքս բաց էր, լրիվ երևում էին ոսկորներս։ Մատներս չէին աշխատում, սաղ սենց մնացել ա, լրիվ անզգա»:

Դավթյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է 2008 թ․ մարտի 1-2-ին իր տեսածի մասին, ցուցմունք է տվել փաստահավաք խմբին, զրուցել լրագրողների հետ: Խոսելով 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան հաջորդած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանների մասին, նա ասաց․ «Ռոբերտ Քոչարյանը կարա՞ իրան դատի, Սերժ Սարգսանը կարա՞ իրան դատի: Ո՞վ պիտի իրանց դատի Հանրապետական կուսակցությունից։ Եթե դու կրակել ես, մարդ ես սպանել, կարա՞ս քեզ դատես»։

Խաչիկ Դավթյանը 10 տարի անց կրկին հարցաքննությունների է հրավիրվում։ Հույս ունի, որ «մարտի 1-ի» գործը կբացահայտվի․ «Էն, ինչ օպերայում տեսել ենք ․․․հղի կնոջն էդ վիճակում․․․արնաշաղախ, էդ ամեն ինչի համար հաստատ պատասխան տալ ա պետք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG