Գեներալ Մանվել Գրիգորյանը դեռ կպատասխանի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, թե 2008 թվականին պաշտպանության այն ժամանակվա փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր են արել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց կալանավորված գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալն, իհարկե, չի ուրախացել Քոչարյանի կալանավորմամբ, բայց և նախկին նախագահի ձևակերպումները, Մանվել Գրիգորյանի համար, մեղմ ասած, գեղեցիկ չեն։ «Մանվել Գրիգորյանը, ի տարբերություն որոշ այլ հայտնի կալանավորվածների, ավելի քչախոս է, մեղադրանքներ չի շպրտում, զուսպ է, բայց, որպես պաշտպանական կողմի ներկայացուցիչ, ասեմ, որ նման հայտարարություններն անպատասխան չեն մնա: Դա գեղեցիկ չէ: Դրա գնահատականը մի փոքր ուշ, եթե ստիպված եղանք, կտանք»,- ասաց փաստաբանը:
2008 թվականի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով այժմ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե ինքը հենց այդ թեմայով էր մարտի 1-ից առաջ հանդիպում ունեցել զինվորական վերնախավի հետ։ «Դուք հաստատ հիշում եք՝ Երկրապահի այդ․․․ Մանվել-Մանվել․․․ երբ հայտարարում էին, որ Մանվելը, երկրապահը շուտով կմիանան և այլն: Այդ ամբողջ հանդիպման իմաստը եղել է հետևյալը՝ բանակն իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ: Մեր մի քանի գեներալներ՝ Մանվելը, լինելով պաշտպանության նախարարի տեղակալ, իբրև Երկրապահի խորհրդի անդամ, երկու օր գիշեր-ցերեկ քննարկում էին, թե Երկրապահը պիտի միանա՞ ցուցարաներին, թե չպիտի միանա: Անթույլատրելի մի երևույթ էր, և ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարից՝ միջոցներ ձռնարկել՝ բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար»,- իր վերջին հեռուստահարցազրույցում ասել էր Քոչարյանը:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը կոչ արեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմին՝ չչարախոսել Մանվել Գրիգորյանի մասին։ «Ինչ չի արել մեր պաշտպանյալը, բնավ պետք էլ չէ հրապարակայնացնել: Նա վատ բաներ չի արել, հիմա էլ չի անում, հիմա էլ չի արձագանքում, չի խանգարում մնացած կալանավորվածներին»,- ասաց Գրիգորյանի փաստաբանը:
Նրա խոսքով՝ գեներալի միակ լուրջ խնդիրն այս պահին կալանքի կրման հետ չհամատեղվող հիվանդություններն են․ ամեն օր սպասում են վատթարագույնին: Պաշտպանը Մանվել Գրիգորյանի այժմյան վիճակը համեմատում է հայտնի «Հաց բերողի» վիճակի հետ՝ պնդելով, որ իր պաշտպանյալն այժմ ավելի վատառողջ է։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին, Արսեն Մկրտչանի խոսքով՝ թեև նրանց դեմ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, բոլորն էլ Հայաստանում են և սատարում են գեներալին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է շուրջ երկու ամիս առաջ: Նա, մասնավորապես, մեղադրվում է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունը յուրացնելու մեջ: Մեղադրանք է առաջադրված նաև Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին: Իսկ գեներալի որդին, Կարեն Գրիգորյանը, հոր ձերբակալությունից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից: