Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է տեղ գտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, 2007թ․
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, 2007թ․

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին շուտով կարող է տեղ գտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Աղթամարի մասին, փաստելով՝ Վանի ամենակարևոր պատմական կառույցը՝ Սուրբ Խաչ եկեղեցի թանգարանը շարունակում է գրավել Թուրքիա այցելող զբոսաշրջիկներին:

Վանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի տնօրեն Մուզաֆեր Աքթուղը «Անադոլու» գործակալությանը պատմել է կղզում տարվող բարեկարգման աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է: 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Աղթամար է այցելել է շուրջ 83 հազար տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկ:

Աքթուղը նաև հայտնել է, որ Թանգարանների գլխավոր վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է այս տարի հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում ընդգրկելու համար: 2015-ին եկեղեցին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցուցակում:

Հոդվածի հեղինակն անդրադարձել է եկեղեցու հիմնադրման պատմությանը, ինչպես նաև Աղթամարի լեգենդին և անվան ծագումնաբանությանը: «Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ առաջինի պատվերով: Ըստ ավանդության՝ կղզու անունը կապված է գեղեցկուհի Թամարի ու նրան սիրահարված երիտասարդի մասին պատմող հուզիչ առասպելի հետ», - նշում է հոդվածագիրը:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկեց եկեղեցու վերականգնման աշխատանքները: Շուրջ երկու տարի տևած վերակառուցմանը մասնակցել են մի շարք արվեստաբաններ, հնագետներ, շինարարներ, ինչպես նաև հայազգի ճարտարապետ: Սուրբ Խաչին նոր շունչ տալու նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի անցկացվել:

Սուրբ Խաչը յուրատեսակ ուխտատեղի է նաև հայ զբոսաշրջիկների համար: Ամեն տարի հարյուրավոր հայեր Հայաստանից և սփյուռքից այցելում են Վան ու Աղթամար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG