Այսօր, տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որի օրակարգում առաջիկայում կայանալիք՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցն էր:
Ինչպես փոխանցում են կուսակցության լրատվական ծառայությունից, քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց՝ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Հինգ կուսակցություններ արդեն բացահայտել են քաղաքապետի իրենց թեկնածուին: Ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում կառաջադրի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, ՀՀՇ-ի ցուցակի առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
ՀՅԴ-ն միայն հայտարարել է, որ այդ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի։ Նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն մինչ այժմ չի հստակեցրել՝ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ։ ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը կքննարկի առաջիկա շաբաթ օրը: