Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի այսօր:
«Հետաձգման պատճառն այն է, որ գործը մինչև հիմա քննվում էր և դեռ չէր ավարտվել, և շատ փաստարկներ պետք է ներկայացվեին երկու կողմերից», - հինգշաբթի երեկոյան «Ազատության» հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: - «Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00»:
«Հիմա մեղադրանքի կողմն է մեր վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր առարկությունները ներկայացնում», - մանրամասնեց փաստաբանը:
«Ազատություն»․ - Կրկին նո՞ւյն հիմնավորումներն էին քննիչի կողմից, որ նա այդ հիմնավորմամբ պետք է մնա կալանքի տակ:
Հայկ Ալումյան․ - Շատ չի տարբերվում առաջին ատյանում ներկայացվածից:
«Ազատություն»․ - Ձեր առարկությունները փոխվե՞լ էին, թե՞ նույնն էին, ինչո՞ւ եք պնդում, որ նա պետք է ազատության մեջ մնա և չի խոչընդոտի [քննությանը]:
Ալումյան․ - Գիտեք ինչ կա, երկու վերաքննիչ բողոք է, մեկ՝ 27 էջ, մեկը՝ 21, հիմա ես չեմ կարող կոնսպեկտավորեմ էն աստիճանի, որ մի քանի րոպեում դա ասեմ: Շատ լուրջ փաստարկներ կան ու դրանք շատ են:
«Ազատություն»․ - Ինքը ներկա՞ էր՝ երկրորդ նախագահը:
Ալումյան․ - Այո, ներկա էր, խոսեց ու փայլուն խոսեց, ես նույնիսկ մտածում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել:
Նախկին նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանն էլ ասաց․ - «Դատական նիստի ժամանակ քննարկվեցին արգումենտների մի մասը հասցրեցին քննարկել, ամբողջությամբ նիստը չի ավարտվել, որովհետև բոլոր կողմերը չեն հասցրել դեռևս դիրքորոշումները ներկայացնել, կշարունակվի վաղը: Վաղը եթե կհասցնենք ավարտենք, չգիտեմ, վաղը կհասցնի դատարանը, թե չի հասցնի, եթե կհասցնի, վաղը կունենանք որոշում, եթե չի հասցնի, ըստ էության, կանցնի երկուշաբթի»:
Քոչարյանի ելույթի վերաբերյալ լրագրողների հարցին Օրբելյանը արձագանքեց․ - «Դռնփակ դատական նիստ էր, չեմ կարող ասել՝ ով ինչ էր խոսում»:
«Ակնկալիքները դրական են, հիմքեր չեմ տեսնում․․․ Բայց առաջ չգնանք, վաղը դատական նիստը կգանք կշարունակենք, արգումենտները ամբողջությամբ չենք լսել: Շարունակում է պնդել, որ անմեղ է, իր դիրքորոշումը չի փոխվել էդ մասով», - ասաց փաստաբանը՝ կրկին վսռահեցնելով․ - «Տպավորությունները դրական են, ակնկալիքները դրական են, հիմքեր չեմ տեսնում, որ [որոշումը] դրական չլինեն»:
«Գործընթացը սենց՝ մի կողմն է խոսում, հետո մյուս կողմն է ներկայացնում, հետո ռեպլիկներն են: Այսինքն, մենք ճառերի մի մասը անցել ենք», - մանրամասնեց Օրբելյանը:
Վերաքննիչ դատարանում քննվում է երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Ազգային ժողովի չորս տասնյակից ավելի պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել դատարանին, նրանցից ոչ մեկը դեռ դատարանի շենքի բակ չի եկել, բողոքի գործողություններ չեն եղել:
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: