Մատչելիության հղումներ

23 գազալցակայաններում հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ են արձանագրվել, որոշվել է փակել 12-ը


Արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի բոլոր 23 գազալցակայաններում հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ է արձանագրել.12 գազալցակայան փակելու որոշում է կայացվել:

12-ից մի քանիսն արդեն վերացրել են առկա թերությունները և կրկին գործելու թույլտվություն են ստացել: ԱԻՆ հրդեհային հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թեև խախտումներ բոլոր 23 գազալցակայաններում կային, սակայն մանր թերությունների դեպքում որոշել են լցակայանը չփակել ու բանավոր նկատողությամբ են սահմանափակվել:

Հայրապետյանի հավաստմամբ՝ ԱԻՆ-ը գազալցակայան փակելը ծայրահեղ միջոց է համարում, և դրան դիմել են միայն այն դեպքերում, երբ առկա թերությունները կարող էին հանգեցնել հրդեհի: «Մեր նպատակն այն չէ, որ մարդկանց պարտադիր պատժենք, փակենք, տուգանենք, չնայած՝ եթե ասում ենք ու չեն հասկանում, ապա և՛ տուգանում ենք, և՛ փակում։ Նպատակն այն է, որ անվտանգությունը պահպանենք»,- ասում է ԱԻՆ պաշտոնյան։

ԱԻՆ-ը գազալցակայաններում վերջին անգամ ստուգումներ է անցկացրել 2015 թվականին: Դրանից հետո կառավարությունը փոքր ու միջին բիզնեսի վրա ճնշում չգործադրելու պատճառաբանությամբ դադարեցրեց ստուգումները գազալցակայաններում: ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետը պարզաբանում է՝ որոշումը դեռ ուժի մեջ է, հիմա նախարարի հրամանով հետազոտություն են իրականացրել, ոչ թե ստուգում։ Սակայն վստահ է, որ այսուհետ ԱԳԼՃԿ-ներն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն անվտանգության ապահովմանը:

«Մեր այս քայլերն իրականացնելուց հետո՝ ժողովրդի լեզվով ասած՝ շատերը սկսեցին «իրար գալ» և արդեն մեկ-երկու օրվա ընթացքում սկսեցին աշխատանքներ կատարել, որոնք տարիներով չէին կատարում»,- «Ազատությանն» ասաց Սերգեյ Հայրապետյանը։

Որոշ գազալցակայանների աշխատակիցներ, սակայն, արդարացված չեն համարում ԱԻն որոշումը: Նորագավիթում գտնվող ու ԱԻՆ-ի կողմից փակված լցակայաններից մեկի աշխատակիցներն «Ազատության» հետ զրույցում պնդում էին, որ իրենց արված միակ դիտողությունը հանրային տարածքներին մոտ լինելն է ու հավաստիացնում էին, որ իրենք դրանում մեղավոր չեն:

Պարզվում է՝ վարորդները գազալցակայան ընտրելիս հրդեհային անվտանգությանն ուշադրություն չեն դարձնում: Խոստովանում են՝ ընտրում են լիցքավորման այն կետերը, որտեղ իրենց համոզմամբ՝ գազի որակն ավելի լավն է։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գազալցակայանների հրդեհային անվտանգությունը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում՝ մայրաքաղաքից հետո հետազոտություններ սկսելով նաև մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG