Մատչելիության հղումներ

Մխչյանում հայտնաբերված զենքերը հնարավոր է օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին․ ԱԱԾ պետ


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Իրավապահները ստուգում են՝ արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հայտնաբերված ապօրինի զենքն ու ռազմամթերքը գործադրվել են 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի արյունալի իրադարձությունների ժամանակ։ ԱԱԾ-ն հաղորդում է, որ ստուգվում են հայտնաբերված զենքերի աղբյուրները։

«Մարտի 1»-ի գործի շրջանակում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: Հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ նախնական օպերատիվ տվյալներով կա նման վարկած, որ այդ զենքերով կրակել են ցուցարարների ուղղությամբ։

«Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն մարտի 1-ի կիրառված զենքերի հետ: Բայց դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի: Դրա արդյունքները պարզ կլինի համապատասխան փորձաքննություններից հետո: Նախնական օպերատիվ տվյալներով՝ նման վարկած կա», - հայտարարեց Վանեցյանը:

ԱԱԾ-ն երեկ հաղորդեց, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում խուզարկություն է իրականացվել, և հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ 3 ձեռքի գնդացիր, 7 ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 տարբեր տեսակի հրացաններ, 2 ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

«Ազատության» հարցին՝ արդյոք սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանն առնչություն ունի մարտի 1-ի իրադարձությունների հետ, Վանեցյանը պատասխանեց․ - «Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք, մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերին: Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք որ ներառված չեն եղել իրավապահ համակարգում՝ սենց ձևակերպենք»:

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը չմանրամասնեց՝ հարցաքննվե՞լ է արդյոք նախկին վարչապետ Աբրահամյանը, ասաց՝ նախաքննական գաղտնիք է։

«Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, որ բազմիցս խոսվել է, որ մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից՝ եղել են նաև զինված խմբեր: Այ հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը», - ասաց Խաչատրյանը: «Ազատության» հարցին՝ «դուք կասկածում եք, որ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները նո՞ւյնպես եղել են և էդ զենքից, օրինակ, կրակել են ցուցարարների ուղղությամբ», ՀՔԾ պետը արձագանքեց․ - «Դա վարկած է, որը ստուգվում է նախաքննության ընթացքում»:

«Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության պետն ասաց՝ հարցաքննվելու են բոլոր այն անձինք, որոնք կարող են տեղեկատվություն ունենալ գործի վերաբերյալ։ Նա նշեց, որ գործի շրջանակում բազմաթիվ վարկածներ են քննվում, բայց նախաքննության շահերից ելնելով չպատասխանեց հարցին՝ արդյոք քննվո՞ւմ է մամուլում շրջանառվող վարկածը, որ հնարավոր է՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ձևավորված զինված խմբերը ևս մասնակցել են մարտյան արյունալի իրադարձություններին։

Տարիներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ձևավորված՝ «մարտի 1»-ի դեպքերը քննող փորձագետների փաստահավաք խումբն իր 4-րդ զեկույցում անդրադարձել էր նաև զինված խմբերի մասնակցությանը մարտյան դեպքերին։ Մասնավորապես, այդ զեկույցում նշվում է, թե իշխանությունները սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով ստեղծել են «օրենքով չնախատեսված զինված խմբավորումներ»։

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ՀՔԾ-ի այս բացահայտումը շատ կարևոր է՝ հայտնի օլիգարխների զինված խմբերի բացահայտման համար։ «Բոլորը գւտեն, որ դրանք կան, դրանք հայտնի օլիգարխների խմբեր են: Դրանք հիմա տարալուծված են, չեն երևում, բայց նրանց պետք է հայտնաբերել, նրանց մոտ եղած զենք-զինամթերքը հերթով, տոտալ պետք է բոլորից առգրավել, որպեսզի մեր երկրում այլևս այդ խմբեը գոյություն չունենան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հիմնավոր է համարում իրավապահների կասկածները, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքը գործադրվել է 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անցած շաբաթ «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ դեպքի վայրից առգրավված 1700 պարկուճներից նույնականացվել են մոտ 1400-ը, իսկ մոտ 300 պարկուճներ չեն նույնականացվել։ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ պարկուճների հետ կապված խնդրի մասին դեռ տարիներ առաջ են գրել իրենց զեկույցում:

«Կարծում եմ՝ հիմա բացահայտումները կբերեն նրան, որ դա ոչ թե 1700 է, շատ ավելի մեծ թվի մասին կարող է խոսք գնալ, որովհետև կբացահայտվեն նաև այն պարկուճները, որոնք հավաքել, տարել թափել են: Նման տեղեկատվություն էլ ուներ փաստահավաք խումբը: Եվ կպարզվի, որ այդ 1700-ը պարզապես թիվ է, իրենց պատկերացմամբ փոքր թիվ, որ ասեն օդ են կրակել ներքին զորքերի ստորաբաժանումները»,- ասաց Քոչարյանը:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից տասը տարի է անցել, բայց տասը զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG