Մատչելիության հղումներ

Հինգ կուսակցություններ արդեն բացահայտել են քաղաքապետի իրենց թեկնածուին


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Թարխանյանը, ով, սակայն, հրաժարվեց մոտ օրերս հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, թե դեռևս պատրաստ չէ:

Հարցին, թե ինչո՞ւ է առաջադրվել «Գալա»-ի, այլ ոչ թե իր ամուսնու՝ Անդրիաս Ղուկասյանի ստեղծած «Հայ կառուցողական» կուսակցության կողմից, Թարխանյանը պատասխանեց՝ իրենց համար սկզբունքային հարց է այն, որ Երևանը կառավարվի համայնքի կողմից՝ այս դեպքում՝ «Երևանի հանրություն» նախաձեռնության։

«Գալա» կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանն էլ «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ օրերս հիմնադրված «Երևանի հանրություն» նախաձեռնությունը դիմել է իրենց կուսակցությանը՝ ցանկություն ունենալով մասնակցել ավագանու ընտրություններին և առաջադրել Անահիտ Թարխանյանի թեկնածությունը։

«Իրենք դիմեցին մեզ, ասացին, որ անհրաժեշտ է կուսակցություն: Այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը չի կարողանում մասնակցել ընտրություններին առանց կուսակցության աջակցության, և «Գալան» դեմ չի եղել ներկայացնել մասնակցության հայտ», - պատմեց Վարդանյանը: - «Նման խնդրի առաջ մենք ևս կանգնել ենք։ Հիշեցնեմ, որ երբ «Գալան» էր ցանկանում մասնակցել Գյումրիի ավագանու ընտրություններին նախկին իշխանությունների օրոք, Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ կար սահմանափակում, որ քաղհանրությունը չի կարողանա առանց կուսակցության մասնակցություն ունենալ: «Գալան» այսպիոսվ ստեղծեց կուսակցություն։ Եվ այսօր մենք դեմ չեղանք դառնալ այն հարթակը, որը հնարավորություն կտա քաղհանրությանը՝ մասնակցություն ունենալ ընտրություններին»:

Գյումրու ավագանու «Գալա» խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը կարծում է՝ Թարխանյանի հնարավորությունները մեծ են քաղաքապետ դառնալու համար. - «Երևանում կարող ենք օրինակներ բերել, որ ավագանին որոշումներ է կայացնում կուսակցության թելադրանքի համաձայն, ոչ թե քաղաքացու, ընտրողի շահերը հաշվի առնելով։ Այս առումով կարևոր է, որ անցում կատարվի ու այդ տեղը քաղաքական ուժերը զիջեն մասնագետ կադրերի»։

Թեև Երևանի ավագանու ընտրությունների օրը դեռ հստակեցված չէ, սակայն մի շարք կուսակցություններ արդեն բացահայտել են քաղաքապետի իրենց թեկնածուին: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ Կուսակցությունը որոշել է սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցել միայնակ։ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Երկիր Ծիրանին» այդ պաշտոնում կառաջադրի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, ՀՀՇ-ի ցուցակի առաջին հորիզոնականում տեղ կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները նախընտրելի տարբերակ են համարում այս անգամ էլ դաշինքով հանդես գալը, սակայն եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրությունների գնա առանձին ցուցակով և դաշինքի ձևաչափը չպահպանվի, պատրաստ են առաջադրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն դեռ անուններ չի հրապարակում, բայց ընտրություններին մասնակցելու տրամադրվածություն ունի։ Նախկին իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը, մինչ այս պահը չի հստակեցնում՝ կմասնակցեն ընտրություններին, թե՝ ոչ։ Իսկ Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը կքննարկի առաջիկա շաբաթ օրը, այս մասին «Ազատությանն» ասաց ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։

Երևանն արդեն 1 ամիս է չունի քաղաքապետ: Մայրաքաղաքը 7 տարի կառավարած հանրապետական Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Տարածքային կառավարման նախարարի՝ առաջիկա շաբաթներին կառավարությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օր կնշանակի, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի երկրորդ կեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG