Մատչելիության հղումներ

Լոռու մարզի դպրոցների տնօրենները բողոքում են Արթուր Սաքունցից


Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր Վանաձորի դպրոցների տնօրեններին հորդորեց չներգրավվել քաղաքականության մեջ։ Շեշտեց՝ հեղափոխությունից առաջ տնօրեններն այլ պարտավորություններ են ունեցել՝ նկատի ունենալով նաև քաղաքական պարտավորությունները։

Երկու ամիս պաշտոնավարող մարզպետի կարծիքով մարզում լարվածություն կա։ Լարվածությունը լավ բանի չի տանում, տնօրեններին ասաց Հրանտ Մարգարյանը՝ հորդորելով շարունակել աշխատանքը «հանգիստ ու առանց լարվելու»։

«Ես ձեզ լրիվ հասկանում եմ, որովհետև ինքս եմ այդ վիճակում հայտնվում», - ասաց մարզպետը՝ շարունակելով․ - «Շատերը կան, որ դիմում են, ասում են՝ մենք ուզում ենք դիմում գրենք, դուրս գանք աշխատանքից, որովհետև նման պայմանում․․․ Բայց էնպիսի պարկեշտ մարդիկ են այդ ասողները, որ ես դա ցավով եմ տանում, որ լսում եմ։ Ու ես հասկանում եմ, որ էդ մարդիկ հեռանան, ես չեմ հասկանում՝ ով ա գալու, ինչ ա անելու։ Չմոռանանք, որ էդ մարդը ուրիշ պարտավորություն ա (ունեցել)։ Իրան դա դուր չի եկել։ Ժամանակներ ա փոխվել, ժողովուրդ ջան։։ Մենք էսօր փոխվելու ենք։ Ամեն մեկս մեզանից ենք սկսելու փոխվելը»։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մարգարյանի՝ Լոռու մարզպետ նշանակվելուց հետո լարվեցին նրա հարաբերությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող երկու փոխմարզպետների հետ։ Սոցցանցերի ու լրատվամիջոցներին տված հարցազրույցների միջոցով միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցրին։

Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում մարզպետն ասաց՝ իր և փոխմարզպետների միջև առկա խնդիրներն արդեն լուծված է համարում․ - «Եղել են խնդիրներ, բոլորդ էլ տեղեկացված եղել եք, հիմա էդ խնդիրները չկան, կարգավորվել են»։

Մարզպետի՝ առանց լարվածության աշխատելու մասին հորդորներից հետո Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը նշեց մեկ այլ լարվածության մասին, որն, ըստ նրա, Վանաձորում իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) գրասենյակն է առաջացնում։ Դպրոցի տնօրենը մարզի իշխանավորներին խնդրեց «ինչ-որ մոտեցում մշակել»՝ Սաքունցի տեղեկատվություն ստանալու պահանջներից դպրոցներն ազատելու համար։ «Այդ գրություններին պատասխանելն ահռելի, ժամանակատար աշխատանք է պահանջում մեզնից», - դժգոհեց Խումարյանը: Նրան միացան նաև մյուս տնօրենները:

«Ոչ մեկս չենք ուզում մեր աշխատանքը թաքցնել, թափանցիկ աշխատում ենք, բայց, փաստորեն, մարդը իրեն իրավունք ա վերապահում, հասարակական կազմակերպություն լինելով հանդերձ, տնօրեններին և դպրոցական անձնակամին ավելորդ պարտադրելու, որ էդ աշխատանքը կատարվի։ Բնականաբար, եթե հղում ա անում Սահմանադրությանը, իր անձի իրավունքներին, պարտավոր ենք տալու, բայց այն ծավալն ա պահանջում, որը մեզնից լրացուցիչ ժամանակ ա պահանջում»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն երկու ամիս ուսումնասիրում է Վանաձորի դպրոցների ֆինանսատնտեսական գործունեությունը և տնօրեններին ուղարկված գրություններով փորձում ստանալ միայն կոռուպցիոն ռիսկեր պարունակող այն տեղեկատվությունը, որը տեղադրված չէ դպրոցների կայքէջերում։ Այդ մասին «Ազատությանն» ասաց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հակադարձելով տնօրենների բողոքներին։

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ևս հասարակական կազմակերպության տեղեկատվություն ստանալու պահանջներից բողոքող տնօրեններին ասաց, որ այստեղ որևէ օրենք չի խախտվում։ «Հասարակական կազմակերպությունից մեծ ծավալի գրություններ նաև մարզպետարանն է ստանում և պատասխանում դրանց։ Դա օրենքի պահանջ է», - ասաց աշխատակազմի ղեկավարը` շարունակելով․ - «Օրենքով կարա՞նք հիմնավորենք, որ իրա գրությունը խանգարում ա։ Կարա՞նք հղում անենք։ Ինքը հղում անում ա, մենք կարում ե՞նք անենք հղում։ Ժողովուրդ ջան, ստեղ քննարկելու բան չկա»։

Մեկ այլ՝ թիվ 28 դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանը, բարձրացնելով քաղաքի ծայրամասում գտնվող դպրոցի արդեն անանցանելի դարձած ճանապարհի հարցը, հորդորեց խնդիրները լուծելիս նախկինի նման տարբերակված մոտեցում չցուցաբերել․ - «Որ, ասենք, էս իրադարձությունները երբ որ եղավ ավարտվեց, կխնդրեի նաև տարբերակված մոտեցումներ չլինեն դպրոցների նկատմամբ։ Այսինքն՝ սա մեկի բարեկամն ա, մեկի ընկերն ա, մեկի ծանոթն ա։ Եվ ես կխնդրեի, որ հավասար լիներ»։

Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ Վանաձորի դպրոցների տնօրեններն առաջ քաշեցին մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում ընդհանուր են գրեթե բոլոր դպրոցների համար՝ կրթօջախ տանող ցեխոտ ճանապարհներ, քայքայված տանիքներ, մարզադահլիճների բացակայություն, ջեռուցման դժվարություններ և այլն։ Մարզպետարանի պաշտոնյաները նշեցին, որ դպրոցների տարիների պատմություն ունեցող խնդիրներից ոմանք ներառվել են այս տարվա ծրագրերում։ Իսկ մյուս հարցերը, որոնք վերաբերում են կրթության կազմակերպմանը, արդեն ներկայացվել են նախարարություն և սպասում են պատասխանի։ Օրինակ՝ տարրական դասարաններում սովորող յուրաքանչյուր երեխա պետք է ունենա երկու քառակուսի մետրից ոչ պակաս տարածք։ Մինչդեռ 88-ի երկրաշարժից հետո Վանաձորում կառուցված դպրոցների դասասենյակներն առավելագույնը 40 քառակուսի մետր տարածք ունեն՝ 20 երեխայից ավելի չեն կարող տեղավորել։ Այս պարագայում դպրոց դիմող առաջին դասարանցիների մի մասին ընդունելու իրավունք չունեն, ասում են տնօրենները։

«Իսկ երեխաներին, եթե սահմանադրական իրավունքը սահմանափակենք։ Ծնողը գալիս է մեզ մոտ և խնդրում է, որ երեխային դպրոց ընդունենք։ Չենք կարող պատճառաբանել, որ սահմանային տեղերը լրացել են, և չեմ կարող ընդունել»։

Նշենք, որ հեղափոխությունից հետո Վանաձորում գործող որևէ դպրոցի տնօրեն չի փոխվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG