Մատչելիության հղումներ

Խուզարկվել է Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանը, նրա եղբայրը ձերբակալվել է


Դրվագ՝ ԱԱԾ հրապարակած տեսանյութից
Դրվագ՝ ԱԱԾ հրապարակած տեսանյութից

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին հաղորդում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:

«Ստացված տվյալների հիման վրա 2018 թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նաև տեսանյութ է հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG