Աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համար հայ ուսանողներին տասը տարի շարունակ դրամաշնորհներ տրամադրող և թավշյա հեղափոխությունից հետո գործունեությունը դադարեցրած «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին «Իմ քայլը» հիմնադրամը կապահովի կրթաթոշակով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլ»-ի հիմնադիր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ 5 ուսանողների հարց դեռ քննարկվում է, հովանավորներ են փնտրվում:
Հակոբյանը հայտնեց, որ «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր միջազգային համալսարաններ ընդունված ուսանողները 2-3 շաբաթ առաջ են նամակով դիմել իր նախաձեռնած հիմնադրամին՝ աջակցություն ստանալու համար: Եվ առաջարկող տարբերակը հիմա պետք է դիտարկել որպես իրավիճակային լուծում:
«Ընդհանուր առմամբ 517 հազար դոլարի ներդրում է եղել, և արդյունքում՝ 18 երեխա «Լույս» հիմնադրամի շահառուներից և 4 երեխա, ում հայտնի էր դարձել այս պրոցեսը և դիմել էին, բայց «Լույս»-ի շահառուներից չէին: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում, սա արտակարգ իրավիճակ էր՝ արտակարգ լուծումներ պահանջող», - ասաց վարչապետի տիկինը: - «Շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կանցկացնենք, որպեսզի հասկանանք՝ ինչպես պետք է այս հարցը հիմնավոր լուծում ստանա և ստաբիլ լուծում ստանա»:
Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ վերջին տարում «Լույս» հիմնադրամը ունեցել է 48 շահառու, որից 24-ը՝ Հայաստանից, և 24-ը՝ Սփյուռքից: Հայաստանցի շահառուներին նամակներ են ուղարկվել , բայց 4-ից այդպես էլ արձագանք չի եղել: Նա ափսոսանք հայտնեց, որ Սփյուռքից դիմողներին օգնել չի հաջողվել:
Կրթաթոշակը ծածկում է միայն ուսման առաջին տարվա ծախսերը, հետագա գումարները հայթայթելու հարցը դեռ քննարկվում է: Շահառուները նաև պայմանագիր են ստորագրում հիմնադրամի հետ՝ պարտավորվելով ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան․ - «Իրենց ուսումը կստանան, գիտելիքներով կհարստանան և կվերադառնան, այդ ամեն ինչը կծառայեցնեն իրենց երկրին և իրենց ժողովրդին», - նշեց Հակոբյանը:
Մի քանի օրից Նարեկ Չոբանյանը կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆորնա նահանգի Բերկլիի համալսարանը՝ իրավագիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: «Լույս» հիմնադրամի փակվելուց հետո խնդրի առաջ էր կանգնել՝ 80 հազար դոլար գտնելը դժվար էր:
«4-5 օր էր մնում, որ վերջնական պատասխան տանք, ու բոլորս, ամբողջ ընտանիքով շատ ուրախացանք, ու, կարելի է ասել, ամենաերջանիկ օրերից մեկն էր, որ ստացանք նամակը», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Չոբանյանը՝ շարունակելով․ - «Արդեն հույս չունեինք, չնայած տարբեր միջոցներով կարողացել էինք հայթայթել գումարի մի մասը՝ ուսանողական վարկ վերցնելով, մի քանի կրթաթոշակ շահելով, բայց քանի որ ամբողջ ուսումը կազմում է 80 հազար ԱՄՆ դոլար, Հայաստանի պայմաններում շատ դժվար էր գտնելը, ու այդ նամակը, կարելի է ասել, փրկություն էր»:
Հիշեցնենք՝ գործունությունը դադարեցրած «Լույս» հիմնադրամի գործադիր խորհրդի հինգ անդամներն էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Նոր կառավարության ներկայացուցիչ՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցումը «մանր սաբոտաժ էր» որակել, որը, ըստ նրա, ցույց է տալիս Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության հակապետական բնույթը: Այսօր վարչեպտի տիկինն էլ ընդունեց, որ սաբոտաժի տարրեր այդտեղ կան, ընգծելով՝ այն մեթոդները, որով աշխատել են «Լույս» հիմնադրամում, այլևս ընդունելի չեն նոր իրականությունում:
Շուրջ տասը տարվա գործունեության ընթացքում «Լույս»-ի կրթաթոշակների շնորհիվ աշխարհի տասը առաջատար բուհերում սովորել են շուրջ 570 ուսանողներ: