Մատչելիության հղումներ

Փաստաբան Ալումյանը դիմել է վերաքննիչ ատյան՝ խնդրելով կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին 


Փաստաբան Հայկ Ալումյան , արխիվ
Փաստաբան Հայկ Ալումյան , արխիվ

օՄարտի 1-ի գործով մեղադրյալ, ներկայումս կալանավորված՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 9-ին։ Նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբանների խմբին վերջերս միացած փաստաբան Հայկ Ալումյանն առանձին բողոք է ուղարկել վերաքննիչ ատյան՝ խնդրելով վերացնել կալանքը։

«Դատարանին առաջարկում եմ կալանքը վերացնել, կիրառել գրավ: Մենք չենք առաջարկում չափ, դատարանը թող որոշի: Հնարավորություն կունենա վճարելու՝ կվաճարի, չի ունենա՝ չի վճարի, չի ազատվի»,- «Ազատությանն» ասաց Ալումյանը:

Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին, ըստ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, միացել է 46 պատգամավոր՝ Հանրապետական խմբակցության 42, ՀՅԴ խմբակցության 3 և «Ծառուկյան» խմբակցության 1 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը:

Հայտնի է, որ ՀՀԿ-ից ստորագրահավաքին միացած պատգամավորների թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը: Ստորագրահավաքին միացած մյուս պատգամավորների անունները դեռ չեն հրապարակվել:

Փաստաբան Ալումյանն այսօր ասաց՝ ըստ օրենքի ստորագրահավաքին միացած պատգամավորներից յուրաքանչյուրը, որպես անձնական երաշխավորություն, կես միլիոն դրամ գումար պետք է վճարի։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները շարունակում են պնդել՝ երկրորդ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման, և նրա կալանքն ապօրինի է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կալանքը ընտրվում է միայն որպես ծայրահեղ միջոց և այն կարող է փոխարինվել խափանման այլ միջոցով, եթե չկա մտահոգություն, որ մեղադրյալը չի խոչընդոտի նախաքննությանը կամ չի ազդի գործով անձանց վրա։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը, ըստ իրավապաշտպանի, կարող է խոչընդոտել նախաքննությանը և ազդել գործով անցնող անձանց վրա:

«Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագայում արդեն իսկ եղած տեղեկությունները, որոնք հրապարակվեցին մամուլում, հատկապես ՍԴ նախկին անդամի կողմից, նաև հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է երկրի նախագահ, և ես վստահեցնում եմ՝ ունի բազմաթիվ տեղեկություններ այսօրվա գործող, նաև նախկին պաշտոնյաների վերաբերյալ, անվանեմ դա դոսյեներ, առավել քան հիմնավոր եմ համարում, որ նա կարող է ազդել նախաքննությամբ ներգրավված վկաների, մեղադրյալների վրա»,- «Ազատությանն» ասաց Արթուր Սաքունցն ու շարունակեց․

«Այս պարագայում առավել քան հինավոր է Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, որովհետև ազատության մեջ գտնվելով, ունենալով այդ դոսյեները, նա կարող է համաձայնության գալ մյուս մեղադրյալների հետ, նույն Խաչատուրովի հետ, և կարողանան պայմանավորվել, թե ինչպես ցուցմունքներ տալ, ինչ ցուցմունքներ տալ, ինչը կարող է խոչընդոտել քննության օբյեկտիվությանը, բազմակողմանիությանը և լրիվությանը»:

Անդրադառնալով Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորությանը, իրավապաշտպանը նշեց, որ նրանց թիվն էական նշանակություն չի կարող ունենալ դատարանում խափանման միջոցի վերաբերյալ բողոքը քննելիս։ «Պատգամավորներն իրենց ստորագրություններով փորձում են հաղորդել Ռոբերտ Քոչարյանին, որ իրենք իր կողքին են, աջակցում են և ակնկալում են, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մասին ունեցած դոսյեները չհրապարակի»,- ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանը նշեց, որ ստորագրահավաքին միացած պատգամավորների անուններն իր համար էական չեն, ավելին՝ նրանք այն մարդիկ են, որոնք ուղղակիորեն կապված են Քոչարյանի հետ կամ էլ պարտավորություններ ունեն նրա առջև ու ստիպված պետք է ստորագրեին: Ըստ Սաքունցի, այն, որ 45 պատգամավոր նման նախաձեռնություն է սկսել, դա «առավել ցայտուն փաստ է», որ իշխանություն չունեցող ու ներկայումս կալանված Քոչարյանը կարող է ազդել քննության ընթացքի վրա:

Մինչդեռ հակադարձելով իրավապաշտպանին՝ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան՝ Արամ Օրբելյանը պնդում է՝ տեղեկատվության տիրապետելու հնարավորությունը չի նշանակում, որ Քոչարյանը կարող է դրանք օգտագործել այլ անձանց դեմ։ Ըստ նրա, դա ընդամենը ենթադրություն է:

Փաստաբան Հայկ Ալումյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ Մարտի 1-ի գործը քննող հատուկ քննչական ծառայությունը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս չի հիմնավորել, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը և կարող է ազդել գործով անցնող անձանց վրա։

Ալումյանը պնդում է, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանը թաքնվելու մտադրություն չի ունեցել։ «2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին մեղադրանք ներկայացնելուց հետո, երբ իր համար կանխատեսելի էր գործի հետագա ընթացքը, Քոչարյանը Հունաստանից եկավ Հայաստան՝ հարցաքննության»,- նկատել է տալիս Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, նա կալանավորվել է հուլիսի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG