Մատչելիության հղումներ

Քոչարյանը կալանքից ազատ արձակվելու դեպքում կարող է ազդել նախաքննության վրա․ Սաքունց


Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ
Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այս մասին երեկ «Արմենպրես»-ին հայտնել է նախկին նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար Ազգային ժողովի պատգամավորների անցկացրած ստորագրահավաքին, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, միացել է Հանրապետական խմբակցության 42, ՀՅ Դաշնակցություն խմբակցության 3 և «Ծառուկյան» խմբակցության 1 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունից ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը: Հայտնի է, որ Հանրապետականից ստորագրահավաքին միացած պատգամավորների թվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը: Ստորագրահավաքին միացած մյուս պատգամավորների անունները դեռ չեն հրապարակվել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատության» հարցին, թե իր կարծիքով՝ այս միջնորդությունը կբավարարի՞ դատարանը, պատասխանեց․ - «Ես, իհարկե, դժվարանում եմ որևէ գուշակություն անել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ուղղակի ասեմ, որ մենք մշտապես գտել ենք, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է լինի միայն որպես ծայրահեղ միջոց, այսինքն՝ ծայրահեղ դեպքերում կիրառվի, եթե իրապես չկա մտահոգություն, որ անձը, քրեական գործի շրջանակներում որը ներգրավված է որպես մեղադրյալ, չի խուսափի նախաքննության մարմնից՝ մեկ, երկրորդը՝ չի ազդի քննությամբ անցնող այլ անձանց վրա: Եվ այս պարագայում՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, արդեն իսկ եղած տեղեկությունները, որոնք հրապարակվեցին մամուլում, և հատկապես՝ Սահմանադրական դատարանի նախկին անդամի կողմից, և նաև հաշվի առնելով, որ անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, տասը տարի եղել է երկրի նախագահ և ըստ էության ունի բազմաթիվ, ես վստահեցնում եմ Ձեզ, բազմաթիվ տեղեկություններ այսօրվա գործող և նաև նախկին պաշտոնյաների վերաբերյալ՝ ես դա անվանում եմ դոսյեներ, ես առավել քան հիմնավոր եմ համարում, որ նա կարող է ազդել նախաքննության ներգրավված վկաների և այլ մեղադրյալների վրա, այսինքն՝ կարող է խոչընդոտել նախաքննության բնականոն ընթացքը և օբյեկտիվ և բազմակողմանի և լրիվ իրականացմանը»:

«Պետք է դատարանը քննարկի, և այստեղ 45 չէ, 55 թե 105 պատգամավորի որևէ երաշխավորում էական նշանակություն չի կարող ունենալ, միայն կարող են էական նշանակություն ունենալ այն հիմնավորումները, որոնք ներկայացնելու են փաստաբանները՝ համոզելու համար կամ ներկայացնելու համար, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի ազդելու նախաքննության մարմինների վրա, որևէ կերպ չի ազդելու քննության ընթացքի վրա, վկաների վրա, մեղադրյալների վրա», - ընդգծեց Սաքունցը:

Նա նշեց, որ ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները իր համար էական չեն՝ «արդեն պատկերացնում եմ, որ ովքեր են ստորագրած լինելու` <…> այն մարդիկ են, որոնք ուղղակիորեն օրգանապես, ես նկատի ունեմ՝ կոռուպցիոն տեսակետից, կապված են եղել, կա՛մ պարտավորություն ունեն Ռոբերտ Քոչարյանի առջև, կա՛մ ստիպված պետք է ստորագրեին, հակառակ դեպքում՝ նրանց վերաբերյալ կարող էր և Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, հրապարակումներ տալ»: «Եվ ես վստահեցնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ունի այդ տեղեկատվությունը՝ որպես տաս տարվա նախագահ, ամբողջ այդ կոռուպցիոն համակարգը ձևավորած անձ, վստահեցնում եմ, որ շատ-շատ մարդկանց վերաբերյալ ունի տվյալներ», - հայտարարեց իրավապաշտպանը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, նա կալանավորվել է հուլիսի 27-ին:

Երկրորդ նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման և հաշվեհարդարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG