Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն դեռ չի մեկնաբանում Սեյրան Օհանյանին «մարտի 1-ի» քրգործում ներգրավելու հնարավորության հարցը


 Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Արդյո՞ք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս որպես մեղադրյալ կներգարվվի մարտի 1-ի քրեական գործում։ Հատուկ քննչական ծառայության պետը նախաքննության շահերից ելնելով՝ դեռ չի շտապում այս հարցը մեկնաբանել։

Սակայն, խոսելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների և երկրում արտակարգ դրություն հաստատելու վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի մասին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մատնանշում է այն ժամանակ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի ելույթն ու ընդգծում՝ իշխանությունները ցուցարարներին սպառնացին բանակի կոշտ արձագանքով։

«Եթե կհիշեք՝ արդեն մարտի 1-ի ուշ երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որում փաստացի սպառնաց քաղաքացիներին, որ՝ այ, եթե դուք հանկարծ դուրս գաք, հավաքվեք, իրավական ռեժիմի հետ կապված արգելված ինչ-որ գործողություններ անեք, ապա բանակը շատ խստորեն դա պատժելու է։ Ես բառացի չեմ հիշում, բայց սկզբունքը սա է։ Ի՞նչ է նշանակում, որ այդ գործողությունները հանձնարարվել էին բանակին։ Կներեք, բա սահմանադրական կարգի տապալումը էլ ինչպե՞ս է լինում»,- «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում երեկ ասել էր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետի կողմից նշված՝ Օհանյանի ելույթին նախորդել էր Երևանի Ազատության հրապարակում գիշերող ցուցարարների ցրումը ոստիկանական ուժերի կողմից, այնուհետև Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումները, որոնց հետևանքով տասը մարդ զոհվել էր: Նույն օրը երեկոյան իր ելույթում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հայտարարել էր արտակարգ դրություն հաստատելու՝ նախագահի որոշման և դրանից բխող սահմանափակումների մասին, որոնցից էին, մասնավորապես, հանրահավաքնների, երթերի և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման ու դրանց մասնակցելու արգելումը:

ՀՔԾ պետը, մինչդեռ, պնդում է՝ արտակարգ դրություն հաստատելու մասին Քոչարյանի հրամանագիրը եղել է ապօրինի, քանի որ նման իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, իսկ այն ժամանակ նման օրենք գոյություն չի ունեցել։ Հետևաբար, ըստ Խաչատրյանի, խախտվել են նաև մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչը նույնպես անօրինական է եղել։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի իրականացման արդյունքում անխուսափելիորեն խախտվում են մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները, իսկ հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպես Եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ մեր Սահմանադրությամբ, կարող են սահմանափակվել միայն օրենքով։ Սահմանադրական իրավունքները և ազատությունները չեն կարող սահմանափակվել հրամանագրով»,- երեկ «Ազատությանն» ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Հակադարձելով ընդդիմախոսների պնդումներին, թե մինչև օրենքի ընդունումը նախագահն առաջնորդվել է Սահմանադրության անցումային այն դրույթով, ըստ որի՝ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում նա, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրավունք ունի իրականացնել համապատասխան միջոցառումներ և ուղերձով դիմել ժողովրդին, ՀՔԾ պետն ասում է՝ այդ միջոցառումները նախագահն իրավունք ուներ իրականացնելու մինչև այն սահմանը, որտեղ սկսվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այն, որ 10 տարի առաջ, իսկապես, ոտնահարվել են մարդկանց հիմնարար իրավունքները՝ դրանում վստահ է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքների իրավունքը, սահմանափակվել է խոսքի ազատությունը»,- ասում է իրավապաշտպանը։

Խոսելով Սեյրան Օհանյանի ելույթի մասին՝ Սաքունցն ասաց, որ քաղաքացիների կողմից դեռ 2008 թվականին այն ընկալվեց որպես սպառնալիք, բայց իրավական որակում ստացավ միայն 10 տարի անց։ Ըստ նրա՝ Օհանյանը ևս այն պաշտոնյաների թվում է, ում անգործության հետևանքով եղան մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, և նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի։

«Ազատությունը» փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ նաև պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG