Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ վաղն առավոտյան ուժի մեջ մտնող պատժամիջոցները «Իրանի չարադիտական գործողությունների դեմ պայքարին ուղղված կարևոր ջանք է»: Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ, այդուհանդերձ, կհաջողվի «ուղիներ գտնել՝ երկկողմ հարաբերություններում առաջ շարժվելու համար»: Սակայն, Փոմփեոյի խոսքով, նախ իրանական ռեժիմը «պետք է հսկայական փոփոխություններ իրականացի և իրեն նորմալ երկրի պես պահի»:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, ամերիկյան պատժամիջոցների թիրախում կհայտնվի, մասնավորապես, Իրանի արդյունաբերությունը՝ ներառյալ ոսկու, ածխի արտադրությունը, սահմանափակումներ կկիրառվեն իրանական արտադրանքի արտահանման նկատմամբ: Պատժամիջոցներն առնչվելու են նաև պարսկական հայտնի գորգերի արտահանմանը, բացի այդ՝ իրանական կառավարությանը կարգելվի դոլար, ամերիկյան ու եվրոպական ինքնաթիռներ գնել:
Իրանի դեմ այս պատժամիջոցները վերականգնելու մտադրության մասին անցած մայիսին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որոշելով դուրս գալ Իրանի և հինգ գերտերություների միջև կնքված միջուկային գործարքից:
«Պատմական» անունը ստացած այդ համաձայնագիրը, որը կնքվել է մի քանի տարի տևած բանակցությունների արդյունքում՝ Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, ամերիկյան նոր իշխանությունները, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, համարում են «խիստ անհաջող և ձախողված»: Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ այդ գործարքը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Թեհրանի միջուկային նկրտումները, այլև Իրանին հնարավորություն ընձեռեց՝ ընդհատակում զարգացնել ռազմական ներուժը՝ «այդպիսով նպաստելով ահաբեկչության տարածմանը»:
Միջուկային գործարքի համաձայն, հիշեցնենք, հինգ գերտերությունները պարտավորվել էին հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, ինչի դիմաց Իրանը երկարաժամկետ ապագայում պետք է հրաժարվեր ուրանի հարստացման ծրագրից: Գործարքի կողմերը, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին՝ վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ, հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքն ու ապասառեցրել Իսլամական Հանրապետության շուրջ 100 միլիարդ դոլարի գումարներն արևմտյան բանկերում:
Ինչպես նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, այնպես էլ դրանից հետո պարբերաբար քննադատելով այդ գործարքը՝ այս տարվա մայիսին Դոնալդ Թրամփն ի վերջո հայտարարեց, թե Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից և նոր թափով է վերականգնում Թեհրանի դեմ ցավոտ պատժամիջոցները՝ սպառնալով նաև պատժել այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում կամ բիզնես գործունեություն կծավալեն այդ երկրի հետ: Վաշինգտոնի այս որոշումը դատապարտել է ոչ միայն Թեհրանը, այլև միջազգային գործարքին մաս կազմող մյուս երկրները, որոնք շարունակում են հավատարիմ մնալ փաստաթղթին:
Այսօր Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ անդամ երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կրկին վերահաստատելով, որ վճռականորեն պաշտպանելու են Իրանում աշխատող եվրոպական ընկերությունների շահերը: Այդ երկրները ևս մեկ անգամ ընդգծել են Իրանի հետ կնքված միջուկային գործարքը պահպանելու անհրաժեշտությունը:
ԵՄ երկրները նաև ափսոսանք են հայտնում Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու կապակցությամբ, իսկ եվրոպական ընկերություններին այդ պատժամիջոցներից պաշտպանելու նպատակով գործի են դնում, այսպես կոչված, «արգելափակող կանոնադրությունը»: Այս գործիքը եվրոպական ընկերություններին արգելում է ենթարկվել Իրանի հարցում ամերիկյան սահմանափակումներին, բացի այդ չեղարկում է այդ հարցով ցանկացած դատական որոշման ազդեցություն ԵՄ-ի տարածքում:
Իրանի նկատմամբ ամերիկյան նոր սահմանափակումների ամբողջական պատկերը, ինչպես նաև դրա հնարավոր վնասի ծավալներն առայժմ հստակ չեն: Այդ պատժամիջոցները դեռ ուժի մեջ չմտած՝ Իրանն արդեն իսկ հայտնվել է տնտեսական ծանր կացության մեջ: Ապրիլից սկսած ազգային արժույթը՝ ռիալը սրընթաց անկում է արձանագրում, ինչի հետևանքով ապրանքները թանկացել են, գործազուրկների թիվը՝ ավելացել: