Ճիշտ տասը տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի օգոստոսի 7-ին, Վրաստանի և Ռուսաստանի զորամիավորումները ներքաշվեցին ռազմական գործողությունների մեջ, որոնք տևեցին մինչև օգոստոսի 12-ը և հետագայում միջազգային քաղաքական շրջանակներում անվանվեցին «օգոստոսյան պատերազմ»:
Արևմտյան լրատվամիջոցներն այդ ընդհարումը նաև որակել են որպես «Եվրոպայում 21-րդ դարում առաջին պատերազմը»:
1991 թվականին Վրաստանի անկախության հռչակմանը հաջորդեց վրաց-աբխազական և վրաց-հարավօսական առանց այն էլ լարված հարաբերությունների շիկացում: Երկու տարածքները հայտարարեցին Թբիլիսիից անկախանալու մտադրության մասին:
1992-93 թվականներին տեղի ունեցավ վրաց-աբխազական պատերազմը, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց, տասնյակ հազարավոր բնակիչներ հեռացան իրենց բնակավայրերից, իսկ Թբիլիսին գործնականում կորցրեց հսկողությունը անջատական տարածքի նկատմամբ:
Պատերազմի ընթացքում Մոսկվան սատարում էր աբխազներին, սակայն հավաստիացնում էր, որ Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից է:
1992-ին Վրաստանի կենտրոնական իշխանությունը և Հարավային Օսիայի փաստացի իշխանությունը հրադադարի համաձայնություն կնքեցին:
2008 թվականին ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամը հասավ գագաթնակետին, ինչի հիմնական պատճառներից մեկը դարձավ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու՝ պաշտոնական Թբիլիսիի հստակ հայտնած մտադրությունը:
Օգոստոսի 1-ին, ինչպես Թբիլիսին է պնդում, Հարավային Օսիայի ռուսամետ անջատականները խախտել են հրադադարը և հրթիռակոծել են վրացական գյուղերը:
Վրաստանի զինված ուժերը օգոստոսի 7-ին՝ կես գիշերից րոպեներ առաջ, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով պատասխան գործողություն սկսեցին և օգոստոսի 8-ի առավոտյան գրավեցին Հարավային Օսիայի կենտրոն Ցխինվալի մեծ մասը:
Դրանից հետո մարտական գործողությունների մեջ ներքաշվեցին Հարավային Օսիայում գաղտնի ճանապարհներով հայտնված ռուսաստանցի զինծառայողները:
Մոսկվան Թբիլիսիին մեղադրեց Հարավային Օսիայի դեմ ագրեսիայի մեջ և նախաձեռնեց «Վրաստանին խաղաղություն պարտադրելու» լայնածավալ գործողությունը:
Աբխազները, իրենց հերթին, ռազմական գործողություններ սկսեցին վրացիների դեմ:
Ռուսական ուժերը հարվածներ հասցրեցին աբխազական և հարավօսական հակամարտությունների գոտիներից դուրս գտնվող վրացական թիրախներին, այդ թվում՝ նավահանգիստներին:
Վրացիները երկու ռազմաճակատներում ծանր պարտություններ կրելով՝ Եվրամիության և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ օգոստոսի 12-ին հրադադար կնքեցին:
Օգոստոսի 26-ին Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և հետագայում ռազմակայաններ ստեղծեց այդ տարածքներում:
Վրաստանը և Արևմուտքը չեն ճանաչում այդ տարածքների անկախությունը:
Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ 2009 թվականին դուրս եկավ ԱՊՀ-ի կազմից: