Մատչելիության հղումներ

Մամեդյարովը կարգավորման հիմնական նախապայման է համարում «տարածքների դեօկուպացիան»․ ՏԱՍՍ


Էլմար Մամեդյարով, արխիվ
Էլմար Մամեդյարով, արխիվ

«Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հակամարտության կարգավորումը պետք հիմնվի հենց այս առանցքային սկզբունքների վրա»: Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ կարգավորման փուլային տարբերակը, որն առաջակել են Միսկի խմբի համանախագահները, բոլորին հայտնի է:

Մամեդյարովն ընդգծել է, թե Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս նշել են ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: Կարգավորման գործընթացն առաջ տանելու համար Ադրբեջանի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում «առարկայական բանակցությունների» ակտիվացումը գործող ձևաչափի և օրակարգի շրջանակներում:

Մամեդյարովը նաև հայտարարել է, թե ինքն ու իր հայաստանցի պաշտոնակիցը պատրաստ են շարունակել առարկայական բանակցությունները: Ավելի վաղ Բրյուսելում, հուլիսի 11-ին, կայացել էր նրանց առաջին հանդիպումը, որը Մամեդյարովը դրական էր գնահատել, նույնիսկ հայտարարել էր, թե Զոհրաբ Մնացականյանն ավելի արհեստավարժ դիվանագետ է, քան Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ռուսաստանը, որպես ղարաբաղյան կարգավորման հիմնական մոդերատոր, չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կասմակերպել», ՏԱՍՍ գործակալության այս հարցին ի պատասխան, Մամեդյարովը միայն նշել է․ «Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն բանակցությունները պետք է առարկայական և պատասխանատու լինեն, որոնց նպատակը արդյունքի հասնելն է»։ Իսկ «արդյունք» ասելով՝ Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան»:

«Հենց այդ տարածքները չազատելն է, որ խոչընդոտում է խնդրի կարգավորմանը»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ վստահ է, որ եթե այդ տարածքների խնդիրը լուծվի, «մնացած բոլոր հարցերը հեշտ կարգավորվող են, տեխնիկական բնույթի, և դրանց շուրջ համաձայնության գալը դյուրին կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG