Մատչելիության հղումներ

Վալերի Պողոսյանը պնդում է՝ ցուցմունք չի տվել Արմեն Գևորգյանի կողմից ճնշման վերաբերյալ


Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը պնդում է՝ ցուցմունք չի տվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել իր կամ իր եղբոր նկատմամբ՝ 2008 թվականին նախագահական ընտրությունների վերաբերյալ բարձրագույն դատարանում Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում կայացնելու համար։

Շաբաթ օրը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք առաջադրեց Արմեն Գևորգյանին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

Ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ մեղադրանքի առիթը ՍԴ անդամի վրա ճնշումն է։ - «Երբ Սահմանադրական դատարանը պետք է քննարկի մյուս թեկնածուների բողոքները՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ինչ է տեղի ունենում՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ըստ գործի տվյալների, ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի կայացվի Սերժ Սարգսյանի օգտին որոշում», - ասաց Խաչատրյանը:

«Ես այդպիսի բան չեմ ասել, ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում, դա իրենց գործն է», - այսօր հակադարձեց Վալերի Պողոսյանը:

«Ազատություն». - Այսինքն, չի՞ եղել ճնշում:

Պողոսյան. - Չեմ ասում՝ եղել է կամ չի եղել, ես ներկայացրել եմ փաստը, դա մեկնաբանություն է, մնացածը ուրիշ է՝ ես կարող եմ մեկնաբանել այսպես կամ այնպես:

«Ազատություն». - Նման ցուցմունք Դուք տվե՞լ եք, թե՞՝ ոչ, Դուք, կամ Ձեր եղբայրը, որ Ձեր կամ Ձեր եղբոր նկատմամբ ճնշում եղել է:

Պողոսյան. - Ես այդպիսի ցուցմունք չեմ տվել:

Պողոսյանը ՀՔԾ-ում որպես վկա հարցաքննվել է մեկ ամիս առաջ: Նրա խոսքով՝ մամուլից է տեղեկացել, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։ Սահմանադրական դատարանի նախկին անդամին, վրդովվեցրել է այն փաստը, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրապարակել է իր անունը։

«Քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածել ե՞ն, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ», - հարցնում է Պողոսյանը:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանն» այսօր փոխանցեցին, որ անհրաժեշտության դեպքում Պողոսյանի նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պաշտպանության միջոցներ։

Արմեն Գևորգյանը 2008-ին զբաղեցնում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այդ տարիներին Նախագահականում էր աշխատում նաև Վալերի Պողոսյանի եղբայրը։

Ուրբաթ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Գևորգյանը Պողոսյանի վրա հենց վերջինիս եղբոր միջոցով է փորձել ճնշում գործադրել: - «Երևի թե ստացվել է, հաջողվել է նրանց, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնակցել այդ գործով քվեարկությանը», - ասաց ՀՔԾ ղեկավարը:

Վալերի Պողոսյանը, սակայն, այսօր «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ իր բացակայության պատճառն այլ էր. - «Ես քննությանը հիվանդության պատճառով չեմ մասնակցել»:

«Ազատություն». - Այսինքն՝ դա չի եղել որևէ անձի կողմից ճնշման հետ պատճառով:

Պողոսյան. - Հիմա էլի նորից նույն հարցն եք տալիս:

«Ազատություն». - Ձեր եղբայրը Ձեզ երբևէ ասե՞լ է, որ «այ այս հարցում լավ կլիներ այսպիսի որոշում կայացնես»:

Պողոսյան. - Ոչ, այդպիսի բան երբեք չի եղել:

«Ազատություն». - Ձեր եղբայրը Ձեզ երբևիցե ասե՞լ է, որ նախագահականում ցանկանում են, որ ընտրությունների հետ կապված այս որոշումը այսպես կայացվի:

Պողոսյան. - Ես արդեն այդ հարցին պատասխանեցի: Եղբայրս պարկեշտ մարդ է, երբեք նման որևէ հարցով ինձ չի դիմել:

Վալերի Պողոսյանը տեղեկացրեց, որ եղբայրն այժմ բուժում է ստանում և հարցերի կարող է պատասխանել մեկ ամսից։

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանը չի կալանավորվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել Գևորգյանի հետ, առայժմ հայտնի չէ նաև նրա փաստաբանի անունը։ Ըստ ՀՔԾ պետի, քրեական գործը հարուցելու հիմքը եղել է Wikileaks-ում գաղտնազերծված փաստաթուղթը։

«Այո՛, Wikileaks-ի հրապարակումը ինքը իրենով ապացույց չի կարող դիտվել և որևէ մեկը դա չի կարող վիճարկել: Այդ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ, ձեռք են բերվել ապացույցներ, այդ ապացույցների բավարար համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին», - մանրամասնել էր Սասուն Խաչատրյանը:

Այս փաստաթղթում, մասնավորապես, նշվում է՝ «2008թ․, Վալերի Պողոսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է»: Պողոսյանը, ըստ այդ փաստաթղթերի, նաև ասել էր, թե իր և ՍԴ այլ անդամների նկատմամբ այդ օրերին նախագահի աշխատակազմից ճնշումներ են եղել: Մինչ 2014թ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը զբաղեցրած Վալերի Պողոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ դեսպանատան ներկայացուցիչների հետ իր տանը հանդիպել է, բայց զրույցից մանրամասներ չհաղորդեց։

«Ես հիվանդ էի, նրանք եկան իմ տուն որպես հյուր: Եկել են, նստել-զրուցել ենք ինչ-որ բաների մասին: Շատ բաների մասին: Ամերիկայի մասին, Եվրոպայի մասին, ամերիկյան քաղաքականության մասին, հազար ու մի բանի շուրջ զրուցել ենք», - պատմեց ՍԴ նախկին անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG