Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել:
ՏԿՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրել էր, որ «Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական»: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ), այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում: Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ», - գրել էր փոխնախարարը:
Արդեն այսօր առավոտյան Փամբուխչյանը գրել է․ - «Դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»: