Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է Իրանի հետ միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու որոշումը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2018թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է Իրանի հետ միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու որոշումը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8-ը մայիսի, 2018թ.

Այսօրվանից պաշտոնական Վաշինգտոնը վերականգնում է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք սառեցվել էին 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի շրջանակում:

«Պատմական» անունը ստացած այդ համաձայնագիրը, որը կնքվել է մի քանի տարի տևած բանակցությունների արդյունքում և Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, ամերիկյան նոր իշխանությունները՝ ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, համարում են «խիստ անհաջող և ձախողված»:

Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ պայմանագիրը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Թեհրանի միջուկային նկրտումները, այլև Իրանին հնարավորություն ընձեռեց ընդհատակում զարգացնել ռազմական ներուժը՝ այդպիսով նպաստելով ահաբեկչության տարածմանը:

Միջուկային գործարքի համաձայն, հիշեցնենք, հինգ գերտերությունները պարտավորվել էին հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, ինչի դիմաց Իրանը երկարաժամկետ ապագայում պետք է հրաժարվեր ուրանի հարստացման ծրագրից: Հինգ գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ՝ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքն ու ապասառեցրել իսլամական հանրապետության շուրջ 100 միլիարդ դոլարի գումարներն արևմտյան բանկերում:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ և հետո պարբերաբար քննադատելով այդ գործարքը՝ այս տարվա մայիսին Դոնալդ Թրամփը ի վերջո հայտարարեց, թե Վաշինգտոնը դուրս է գալիս պայմանագրից և նոր թափով վերականգնում Թեհրանի դեմ ցավոտ պատժամիջոցները՝ սպառնալով նաև պատժել այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում կամ բիզնես գործունեություն կծավալեն այդ երկրի հետ:

Իրանի նկատմամբ ամերիկյան նոր սահմանափակումների ամբողջական պատկերը առայժմ հստակ չէ: Հայտնի է, որ Վաշինգտոնը նախ և առաջ փորձում է հնարավորինս նվազեցնել Իրանի նավթային եկամուտները:

Այդ պատժամիջոցները դեռ ուժի մեջ չմտած՝ Իրանը արդեն իսկ հայտնվել է տնտեսական ծանր կացության մեջ: Ապրիլից սկսած ազգային արժույթը՝ ռիալը սրընթաց անկում է արձանագրում, ինչի հետևանքով ապրանքները թանկացել են, գործազուրկների թիվը՝ ավելացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG