Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4֊ին Երևանից վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտականությունների կատարմանը ամբողջ ծավալով, տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը։
Հուլիսի 27֊ին հարցաքննության համար Երևան ժամանած Յուրի Խաչատուրովին, ով Հայաստանում 2008թ.֊ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում է Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:
Խաչատուրովին մեղադրանքի ներկայացումից հետո պաշտոնական Երևանը նախաձեռնել է ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։
Չնայած ներկայացված մեղադրանքներին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ երկրից բացակայելու համար։
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: