Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները


Լոռու մարզպետարանի շենքը, որտեղ գործում են նյութում ներկայացված հիմնադրամները
Լոռու մարզպետարանի շենքը, որտեղ գործում են նյութում ներկայացված հիմնադրամները

Տարիներ շարունակ Լոռու մարզային իշխանությունների կողմից ստեղծված և ղեկավարված 3 հիմնադրամների ֆինանսները գոյացել են համապատասխան ոլորտների աշխատակիցների կամավոր հանգանակությունների հաշվին, թեև այսօր արդեն ոմանք խոստովանում են՝ դա պարտադիր վճար էր և անգամ չեն ենթադրել, թե կարելի է նաև չվճարել հիմնադրամներին։

Լոռեցի բուժաշխատողներն այլևս իրենց աշխատավարձի մեկ տոկոսը չեն վճարում «Լոռու առողջապահություն» հիմնադրամին, որի 6 տարվա գործունեությունն արդեն ուսումնասիրել և քրեական գործ են հարուցել իրավապահները։

«Ենթադրվում է, որ հիմնադրամն առաջիկայում կլուծարվի», ֊ «Ազատությանն» ասաց Լոռու փոխմարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Անդրեյ Ղուկասյանը, ով ևս թերթել է հիմնադրամի անցած տարիների հաշվետվություններն ու կասկածելի ծախսեր նկատել։

Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը
Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը

«Կասկածելի էր, օրինակ, որ բժիշկնեկրի օրվա վրա ծախսվել էր 5 միլիոն դրամ, որը շատ մեծ թիվ է և այդ գումարը կարելի էր ծախսել ավելի նպատակային», ֊ ասում է փոխմարզպետը։

Անցած տարի բժշկի տոնը նշելու համար հատկացված 10 հազար դոլարը բուժաշխատողների հանգանակությունների հաշվին գոյացած բյուջի մոտ 20 տոկոսն է։ Մյուս 20 տոկոսը որպես աշխատավարձ ստացել են հիմնադրամի երկու աշխատողները։ Անցած տարվա տարեկան հաշվետվության համաձայն, հիմնադրամի ունեցած գումարի մոտ կեսն էլ՝ 10-ը միլիոն դրամը, հատկացվել է բուժաշխատողներին և այլ քաղաքացիների՝ որպես օգնություն։ Հիմնադրամի գումարներից օգտվածների ցուցակները որևէ տեղ հրապարակված չեն։

Հեղափոխությունից հետո պաշտոն ստացած փոխմարզպետն ասում է. ֊ «Գումարը տրամադրվել էր նաև մարզպետարանի որոշ աշխատակիցների՝ 300-450 հազար դրամ՝ առանձին գումարներով։ Դա էլ էր, իհարկե, կասկածելի»։

Աշխատավարձի 1%֊ը` «մարզպետի ֆոնդին»

Թեև հիմնադրամի հրապարակային հաշվետվության մեջ նշված է, որ միջոցները գոյացել են բուժաշխատողների կամավոր հանգանակությունների հաշվին, տարիներ շարունակ մեկ տոկոսով պակաս աշխատավարձ ստացած բուժաշխատողները պնդում են, որ պարտադրաբար են մուծել այդ գումարները։

Բավականին երկար փորձեցի չվճարել, բայց թե վերջում հասկանում ես՝ կամ֊կամ...
Վանաձորցի բժիշկ Գևորգ Մարկոսյան

Վանաձորցի բժիշկ Գևորգ Մարկոսյանը, ով 4 տարի առաջ տեղափոխվել է Երևան, ասում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնում աշխատած տարիներին ստիպված է եղել իր աշխատավարձի մեկ տոկոսը թողնել, այսպես կոչված, «մարզպետի ֆոնդ»-ի համար. ֊ «Բավականին երկար փորձեցի չվճարել, բայց թե վերջում հասկանում ես՝ կամ֊կամ...»։

Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված հիմնադրամը 2012 թվականին հիմնադրել են Լոռու արդեն նախկին հանրապետական մարզպետն ու փոխմարզպետը, ինչպես նաև մարզպետարանի առողջապահության վարչության պետը: Վերջինս մինչև այսօր էլ պաշտոնավարում է։

Հիմնադրամը կայք չունի, և ըստ հրապարակված հաշվետվության՝ գործունեության վայրը Լոռու մարզպետարանն է։

Մարզետարանի հիմնադրամները

Ուսուցիչները պատմում են անդամավճարների մասին
Ուսուցիչները պատմում են անդամավճարների մասին

Այս հասցեում են գործում նաև մարզի նախկին իշխանությունների կողմից ստեղծված և ղեկավարված ևս երկու հիմնադրամներ՝ «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» անվանումներով։ Դրանց ֆինանսները ևս գոյացել են համապատասխան ոլորտների աշխատակիցների այսպես կոչված՝ կամավոր հանգանակությունների հաշվին։

Չնայած այսօր արդեն ուսուցիչները խոստովանում են՝ դա պարտադիր վճար էր և անգամ չեն ենթադրել, թե կարելի է նաև չվճարել հիմնադրամներին։ ֊ «Եթե իմանայինք, որ դա կամավոր է՝ կհրաժարվեինք», ֊ մեզ հետ զրույցում ասում էին նրանք։

«Մենք ոչինչ թաքցնելու չունենք»

Արդեն 10 տարի գործող «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամում նույնպես հոգաբարձուների խորհուրդը նախագահել են Լոռու մարզպետները։

Հիմնադրամն անցած տարի 5, իսկ նախանցած տարի անգամ 7 աշխատող է ունեցել։ Հավաքագրված գումարների ավելի քան 20 տոկոսը որպես աշխատավարձ է ծախսվել։

Անցած տարի հիմնադրամն ամենաշատ գումար՝ ավելի քան 10 միլիոն դրամ ծախսել է միջոցառումների, մեծարման երեկոների, պարգևատրումների և նմանատիպ ծրագրերի վրա։ Ամենաքիչ գումար՝ ընդամենը 615 հազար դրամ, ծախսել է մարզամշակութային օջախների շինարարությանն ու կահավորմանն աջակցելու նպատակով։

Մարզպետարանի կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյան
Մարզպետարանի կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյան

Մարզպետարանի կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, ով մարզպետարանի կրթության վարչության պետի աշխատանքից ազատվելուց հետո փոխարինեց նրան որպես «Լոռու մշակույթի, սպորտի և երիտասարդության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ասում է՝ առանձնապես չի ուսումնասիրել հիմնադրամի անցած տարիների ծախսերը. ֊ «Մենք ոչինչ թաքցնելու չունենք, և այն գումարները, որ այդ հիմնադրամն է տնօրինում, հավատացած եղեք, որ ազնվագույն ձևով ինֆորմացիան տեղադրվում է, ոչ մի ձևով այլ կողմնակի բաների վրա չի ծախսվում»։

Մյուս՝ «Լոռու դպրոց» հիմնադրամն ամենաերկարակյացն է։ 18 տարվա պատմություն ունի։

Տարեկան հաշվետվությունների համաձայն, օրինակ, 2015 թվականին մարզի կրթության ոլորտի մոտ 3000 աշխատակիցները հանգանակել են 29 միլիոն դրամ, որի շուրջ 30 տոկոսը՝ 9,5 միլիոն դրամ, աշխատավարձ է վճարվել հիմնադրամի 4 աշխատողներին, այդ թվում գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանին, ով նախկինում ղեկավարել է նաև մարզպետարանի կրթության վարչությունը, հետո թողել է համատեղությունն ու 200 հազար դրամ աշխատավարձով միայն տնօրինել կրթական այս հիմնադրամը։

Մայիս Խաչատրյան, «Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն
Մայիս Խաչատրյան, «Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն

Հիմնադրամն ունի նաև հաշվապահ և գործերի կառավարիչ։ Ամսական ավելի քան 100 հազար դրամ էլ ստանում է որպես ինժեներ ձևակերպված աշխատողը։ Նա, ըստ տնօրենի հետևում է հիմնադրամին պատկանող 3 գազելներին, որոնք, մինչդեռ, արդեն երեք տարի չեն շահագործվում։

Աշխատավարձից հետո ամենախոշոր գումարը՝ մոտ 5 միլիոն դրամ, ամեն տարի ծախսվել է «մեծարման և տոնական միջոցառումների» վրա։

Ընդամենը հինգժամյա աշխատանքի համար 200 հազար դրամ աշխատավարձ ստացող գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, փոխմարզպետ Արամ Խաչատրյանի հայրն է, պնդում է, որ հիմնադրամն իր 18 տարվա գործունեության ընթացքում թափանցիկ է աշխատել և խախտումները բացառվել են. ֊ «Հրապարակում էինք թերթում՝ պարտադիր կարգով... յուրաքանչյուր տարի մենք աուդիտ ենք անցնում»։

Միջազգային չափանիշներ

Իսկապես, մարզում գործող բոլոր երեք հիմնադրամներն էլ վերջին 5 տարիների հրապարակված հաշվետվություններում մինչև 388 հազար դրամ են վճարել աուդիտորական ծառայության համար։ Երեք հիմնադրամների բոլոր տարիների աուդիտն իրականացրել է նույն՝ Վանաձորի «Աուդիտ սերվիս» ընկերությունը։ Ընկերության երկու տարբեր աշխատակիցների կողմից արված աուդիտորական եզրակացությունները միևնույն տեքստն ունեն՝ անգամ նույն կետադրական նշաններով։

Ընդ որում, բոլոր տարիներին բոլոր հիմնադրամներում կարևոր գործառույթ ունեցող այս ընկերությունը մեկ նախադասությամբ եզրակացրել է, որ ֆինանսական հաշվետվությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Հիմնադրամներից երկուսի աուդիտն իրականացրած Արշավիր Զուրաբյանն արգեսիվությամբ ընդունեց «Ազատության» հարցը՝ քանի՞ տարի են ուսումնասիրել Լոռու հիմնադրամները։ Նա անգամ «Ազատությանը» մեղադրեց ոչ կոռեկտ հարցադրումներ հնչեցնելու մեջ։

Դեռևս հայտնի չէ՝ իրավապահ մարմիններում ուսումնասիրության առարկա կդառնա՞ արդյոք նաև «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների գործունեությունը, թե՞ ոչ, բայց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Վանաձորում «Ազատությանն» ասաց, թե այդ հիմնադրամների մասով բողոքներ չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG