Մատչելիության հղումներ

Իտալիայի պատվո հյուպատոսը պարտավորվեց վերականգնել Գյումրիին պատճառած վնասը


Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինական հանձնաժողովի նիստն այսօր վերածվեց բուռն վիճաբանության, երբ Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն չընդունեց, որ ապօրինություն է թույլ տվել՝ քանդելով քաղաքի պատմական միջուկի մաս կազմող երկու փողոցների մայթերի սալաքարերը:

Գյումրիի կենտրոնում՝ Ռուսթավելի և Վարպետաց փողոցների վրա գործունեություն ծավալող հյուպատոսը պնդում է, որ համայնքապատկան տարածքում մայթերը թերություններով են կառուցվել, հանձնաժողովի անդամներն էլ հայտարարում են, որ Մոնտալդոն վնաս է հասցրել քաղաքին:

Փոխքաղաքապետ, քաղաքաշինական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սանոյանը այսօր հրավիրած արտահերթ նիստում ասաց, թե՝ «հարգելով պարոն Մոնտալդոյին, իր վաստակը քաղաքի նկատմամբ, էդ բոլորը հաշվի առնելով չենք դիմել իրավապահներին»։ Պաշտոնյան հավելեց, թե համայնքին պատճառվել է 1,534,000֊ի վնաս։

Անտոնի Մոնտալդոն այդպես էլ չընդունեց, որ ինքն անպօրինություն է թույլ տվել:

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասաց՝ հյուպատոսին նոր նախագիծ են ուղարկել՝ նրա իսկ կողմից ներկայացված առաջարկները հաշվի առնելով: Հյուպատոսը, սակայն, պնդեց՝ մինչև հնի հետ չհամեմատի ու քաղաքապետարանն էլ չընդունի, որ նախկինում սխալ էր կառուցել, ոչինչ չի վերականգնի:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ քաղաքային իշխանությունները խիստ հանդուրժող են գտնվել Անտոնիո Մոնտալդոյի նկատմամբ. ֊ «Չեմ պատկերացնում, թե Հռոմի իշխանություններն ինչպես կվերաբերվեին ինձ, եթե ես ինչ֊որ տուն գնեի ու դիմացի մայթը սկսեի քանդել։ Ես էլ եմ այն կարծիքին, որ քաղաքային իշխանությունները ավելորդ հանդուրժողականություն են դրսևորել Ձեր նկատմամբ»։

Ի վերջո Անտոնիո Մոնտալդոն համաձայնեց, որ իր միջոցներով կվերականգնի քանդած մայթը ճիշտ այնպես, ինչպես եղել էր նախքան քանդելը: Բայց ամեն դեպքում, ասաց՝ կդիմի քաղաքապետարան, ստանալու պատասխան, թե այն համապատասխանում է Կումայրի արգելոցի չափանիշներին, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG