Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է․ ՀՀ վարչապետի տիկին


Երեկ գիշեր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Այս մասին քիչ առաջ Ֆեյսբուքում արած գրառմամբ հայտնում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։ Երեկ գիշեր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է», - գրում է Հակոբյանը:

Հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հրապարակելով Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի լուսանկարը, հայտարարել էր, թե ադրբեջանական բանակը Ղազախի շրջանում հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել ու գերեվարել հայ հետախույզի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

Մինչև այժմ ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցերը Ղազարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG