Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերից» Տիգրան Մանուկյանն ու Սերգեյ Կյուրեղյանը կալանքից ազատ արձակվեցին


2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի ևս երկու անդամներ՝ Տիգրան Մանուկյանը և Սերգեյ Կյուրեղյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Դատավոր Արշակ Վարդանյանի որոշման համար հիմք հանդիսացավ «Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորների՝ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորությունը։

Դատարան եկած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց․ - «Ես կրկին պնդում եմ իմ և իմ գործընկերների երաշխավորությունը: Մենք ամբողջապես մեր պատասխանատվությունը և դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքները գիտակցում ենք, կրում ենք պատասխանատվություն մեր երաշխավորության համար և կրկին վերահաստատում ենք մեր երաշխավորությունը»:

Այսօր ազատ արձակված Սերգեյ Կյուրեղյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ կալանքից ազատ արձակումը պայմանավորում է՝ «հայ ժողովրդի հաղթանակով»: Գնդի գրավման ընթացքում մահացած 3 ոստիկանների հարազատներին դիմելով՝ զինված խմբի անդամն ասաց․ - «Յուրաքանչյուր մահ մեզ համար ցավ է և ցավալի է, մնացածը՝ կպարզվի»:

Այս պահի դրությամբ կալանքից ազատ են արձակվել երկու տարի առաջ ոստիկանության գնդի տարածքը գրաված զինված խմբի 22 անդամները և ևս 4 հոգի, ովքեր մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ: Կալանքի տակ շարունակում են մնալ «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:

Զինված խմբի անդամների մի մասը կալանքից ազատ են արձակվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորության շնորհիվ, մի քանիսը ստորագրությամբ են հայտնվել ազատությունում, մյուսների համար էլ գումարը վճարել է «Հիմնադիր խորհրդարանը»: Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Սյուզան Սիմոնյանի փոխանցմամբ, կազմակերպությունը դրամահավաք է հայտարարել, որին միացել է նաև «Ծառուկյան» հիմնադրամը՝ տրամադրելով 10 միլիոն դրամ։ Մինչ օրս խմբի անդամների՝ կալանքից ազատ արձակման համար ծախսվել է 50 միլիոն դրամ։

Մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր ասաց՝ չեն հաշվել, թե քանի հոգու համար են երաշխավորել։ Հարցին, թե շարունակելու են երաշխավորություններ ներկայացնել անազատության մեջ գտնվողների, այդ թվում՝ երեք ոստիկանի սպանության մեջ մեղադրվողների համար, պատասխանեց՝ յուրաքանչյուրի դեպքում խորհրդակցում են թե՛ փաստաբանի, թե՛ իրենց իրավաբանների ու փորձագետների հետ։

«Գիտեք ինչ՝ մենք երաշխավորություն չենք ներկայացնում հանցագործներին ազատություն պարգևելու կամ որոշում, վճիռ փոփոխելու հետ կապված: Մենք խափանման միջոցն ենք փոխում, դատական գործընթացը ընթացքում է», - մանրամասնեց Էնֆիաջյանը: - «Եվ սա, բնականաբար, նաև իր մեջ քաղաքական որոշում ունի»:

«Ազատության» հարցին, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը որոշեց աջակցել ոստիկանության գունդը գրավելու մեջ մեղադրվող զինված խմբի անդամներին կալանքից ազատ արձակելու հարցում, պատասխանեց, որ նրանցից շատերը հոգեկերտվածքով հանցագործ չեն և ազատության մեջ վտանգ չեն ներկայացնում․ - «Նրանց գործողության տրամաբանությունը այլ հարթության մեջ է եղել, և դրա համար՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված մենք որևիցե խնդիր չենք տեսնում»:

Ոստիկանության գնդի գրավման գործով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: «Սասնա ծռերը» չեն ընդունում մեղադրանքը, պնդում են, որ ապստամբություն են արել երրորդ նախագահի իշխանության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG