Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական նախագիծն է ներկայացվել


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Կոնգրես հակառուսական նոր պատժամիջոցների հերթական օրինագիծն է ներկայացվել, ընդ որում՝ երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Կոնգրեսի միջազգային հարցերով հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագիծն առաջարկում է նոր պատժամիջոցներ ռուսաստանցի քաղաքական գործիչների և խոշոր գործարարների դեմ, ինչպես նաև կոշտ սահմանափակումներ Ռուսաստանի տնտեսությունում հնարավոր ներդրումների համար՝ խոսքը մասնավորապես էներգետիկ ոլորտում ներդրումների մասին է:

Նախագիծը պատրաստել են մի շարք հանրապետականներ և դեմոկրատներ, մասնավորապես՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ջոն ՄըքՔեյնը:

Վերլուծաբանները նախօրեին գրել էին, որ ամերիկյան նոր հակառուսական պատժամիջոցները զգալիորեն կարժեզրկեն ռուսական արժույթը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Նոր պատժամիջոցների մասին նախագծում նշված է, որ դրանք պատասխան են Ռուսաստանի քաղաքականությանը Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և Սիրիայում, ինչպես նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերին:

Վաշինգտոնը նաև հայտնում է, որ դեռ չի արձանագրել նոյեմբերին անցկացվելիք Կոնգրեսի ընտրություններին ռուսական հաքերների միջամտության փորձ:

«Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը, եթե ուզում է կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և միասին լուծել խնդիրներ», - այսպիսի հայտարարությամբ էլ երեկ հանդես է եկել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը՝ նկատելով, որ Ռուսաստանի դեմ արդեն գործում են մի շարք պատժամիջոցներ, և ինքը պատրաստ է աջակցել ցանկացած նոր պատժամիջոցների Մոսկվայի դեմ, որպեսզի Մոսկվան հասկանա, որ վճարելու է այն ամենի համար, ինչ անում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG