Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Ռուսաստանի իշխանությունները առանց բացատրության մերժել են տեսակցությունը ռուսաստանյան բանտում պահվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի հետ:
Amnesty International-ի ներկայացուցիչները ցանկանում էին բժշկական անկախ փորձագետի ուղեկցությամբ այցելել և գնահատել Սենցովի վիճակը, ով մայիսի 14-ից հացադուլի մեջ է: «Հացադուլից շուրջ երեք ամիս անց նրա առողջությունը լուրջ մտավախություններ է առաջացնում», - հայտարարում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Սենցովի փաստաբան Դմիտրի Դինզեն հուլիսի 27-ին հայտարարել է, որ իր պաշտպանյալը գունատ է և դժվարությամբ է շարժվում: Ռուսաստանյան իշխանությունները բանտարկյալի վիճակը գնահատում են կայուն են, առանց «բացասական տեղաշարժերի»:
Օլեգ Սենցովը ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է 2014 թվականի մարտին և 20 տարվա ազատազրկման է դատապարտվել բռնակցված Ղրիմի թերակղզում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Նա չի ընդունել մեղքը:
Ռեժիսորը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: