Իրանը Պարսից ծոցում լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է սկսել, որոնցում ներգրավված է ավելի քան հարյուր նավ, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Իրանի պաշտոնական աղբյուրները:
Ներկայումս Պարսից ծոցում Միացյալ Նահանգները միայն մեկ խոշոր հրթիռային հածանավ ունի, սակայն այդ տարածաշրջանում տեղակայված են մեծ թվով ամերիկյան ինքնաթիռներ:
Այս զորավարժությունը, որը ենթադրաբար ուղերձ է Վաշինգտոնին, անցկացվում է Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններում աննախադեպ լարվածության ֆոնին: Առաջիկա օրերին, ինչպես խոստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ուժի մեջ կմտնեն Իրանի նկատմամբ «ցավոտ» տնտեսական պատժամիջոցները, որոնք սառեցվել էին 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շրջանակում, որից Միացյալ Նահանգները դուրս է եկել:
Պատժամիջոցների վտանգը արդեն հետևանքներ է թողել Իրանի տնտեսության վրա: Երկրի ազգային տարադրամը ռեկորդային արժեզրկում է արձանագրել, ինչը իրանական մի քանի քաղաքներում փողոցային ցույցերի տեղիք է տվել: