Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

«Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով երեկ Երևան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը նույն օրը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հանդիպման ընթացքում փոխադարձ կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական, դաշնակցային հարաբերությունների խորացումը: Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերին», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Տոնոյանը տեղեկացրել է Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:

Անդրադառնալով «Միջազգային բանակային խաղերին», կողմերը քննարկել են երկու պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների` մրցախաղերին մասնակցության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Հայաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին կմասնակցի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի փակման հանդիսավոր արարողությանը:

Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարին ընդունել է Հայատանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG