Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, այսօր ընդունելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը, հատուկ ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունն այդ նպատակով։
Մեկ շաբաթ առաջ Հայաստանում մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի աթոռը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին Հայաստանի իշխանություններին քննադատող հայտարարություն էր արել։ Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը այսօր հրապարակած ծավալուն հոդվածում գրել է, թե Մոսկվային հատկապես վրդովեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Սա, Մոսկվայի կարծիքով, լուրջ հարված է ՀԱՊԿ-ի հեղինակությանը:
Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։
Հուլիսի 17֊ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները, առանց տեղացիներին նախազգուշացնելու, զորավարժություններ էին սկսել Շիրակի մարզի այս համայնքում, հնչել էին կրակոցներ, պայթյուններ էին որոտացել՝ խուճապ ու սարսափ առաջացնելով գյուղում: Միջադեպին հետևել էր պաշտոնական Երևանի խիստ քննադատությունը, ինչից հետո ռուսական կողմը պաշտոնապես ներողություն էր խնդրել։
Այսօրվա հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Հատուկ անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ստեղծված իրադրությանը, ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով տարածաշրջանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերներին։ Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը շատ զգայուն է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Սիրիայում մեր հայրենակիցների անվտանգության, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին։ Զրուցակիցներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության միասնական գործելու կարևորությունը։