«Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը:
Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝ «Կոմերսանտ»-ը այսօր հրապարակած ծավալուն հոդվածում գրել է, թե վերջին ձերբակալությունները Հայաստանում տարաձայնություններ են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, և այդ տարաձայնությունները, ըստ թերթի մեկնաբանների, կարող են է՛լ ավելի խորանալ:
«Կոմերսանտ»-ի հեղինակների փոխանցմամբ՝ Ռուսաստանին հատկապես վրդովեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Սա, Մոսկվայի կարծիքով, լուրջ հարված է ՀԱՊԿ-ի հեղինակությանը:
Կրեմլում չեն բացառում, որ չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը դեռ շուրջ մեկուկես տարի կա, կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, ըստ պարբերականի, հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:
«Կոմերսանտ»-ը գրում է, որ Մոսկվային զայրացրել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը:
Թերթը շեշտում է նաև, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկինում ձերբակալված էր Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «այսօր պահանջում է պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր 2008-ին բարիկադների մյուս կողմում էին»:
Մոսկվային հատկապես զայրացրել է Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, քանի որ Երևանը չի զգուշացրել Մոսկվային, որ պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարին: Ավելին, թերթը մեջբերում է ՀԱՊԿ-ին մոտ կանգնած կառույցներում անանուն աղբյուրների խոսքերն այն մասին, թե Խաչատուրովի գործի հետևում տարածաշրջանից դուրս երրորդ խաղացողներն են՝ ակնհայտորեն ակնարկելով Արևմուտքը:
Ռուսաստանի նախագահի վարչակազմի իր անանուն աղբյուրին էլ հղում անելով՝ «Կոմերսանտ»-ը գրում է․ - «Հայաստանյան ներքաղաքական զարգացումները հսկայական վնաս են հասցնում կազմակերպությանը, և տարօրինակ է, որ Երևանում դա չեն հասկանում»: Ըստ թերթի, եթե նոյեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները չհաստատեն Հայաստանի նոր ներկայացուցչին, գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին։
Պարբերականը նաև գրում է, թե Մոսկվայի և Երևանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկով նախատեսված՝ «Իսկանդեր»-ների և Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը: «Այս վարկի և դրա շրջանակում նոր սպառազինության մասին Մոսկվայի հետ պայմանավորվել էին Հայաստանի նախկին իշխանությունները, և հիմա այդ պայմանավորվածությունը հարցականի տակ է», - վկայակոչելով ռուսական ռազմաարդյունաբերական երկու կառույցների անանուն ներկայացուցիչներին՝ գրում է թերթը:
«Կոմերսանտ»-ի գլխավոր խմբագիրը Բաքվում ծնված ծագումով ադրբեջանցի Ազեր Մուսալիևն է:
Հիշեցնենք՝ վերջին տարիներին ու հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները պարբերաբար բարձրացրել են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակի հարձակողական զենք վաճառելու խնդիրը: Ռուսաստանի ղեկավարությունը, սակայն, պատասխանել է՝ եթե իրենք այդ զենքը չվաճառեն, այն կվաճառի մեկ այլ երկիր։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան սպառազինություն չեն վաճառում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրեբջանին: Ադրբեջանը 2010 թվականից սկսած Ռուսաստանից արդեն գնել է մոտ 5 միլիարդ դոլարի զենք:
«Կոմերսանտ»-ի հոդվածն արտատպել են ռուսական մի շարք այլ լրատվամիջոցներ: Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունները հայտնվել են ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հատկապես Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի` երկու օր առաջ հնչեցրած աննախադեպ հայտարարությունից հետո:
Հայաստանյան փորձագետներից շատերը դա որակել են միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ռուսաստանի տնտեսության նախկին նախարար, քաղաքական գործիչ Անդրեյ Նեչաևի կարծիքով՝ Հայաստանը վերջին երկու ամիսներին անկախ քաղաքականություն է վարում, ինչի մասին են վկայում նախկին նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը, «և այդ անկախ քաղաքականությունը չի կարող դուր գալ Ռուսաստանին»:
Դրա հետ մեկտեղ, Նեչաևը կարծիք է հայտնում, թե տեղին չէ Լավրովի հայտարարությունը համարել միջամտություն Հայաստանի ներքին գործերին: «Սա դեռ ընդամենը մտահոգության մասին հայտարարություն է, որ հնչեցրել է ՌԴ ԱԳ նախարարը», - ասում է Նեչաևը։ Նրա կարծիքով՝ Մոսկվան կտրուկ քայլերի առաջիկա ամիսներին չի գնա և կփորձի իր մտահոգությունը տարբեր խողովակներով հասցնել Հայաստանի նոր իշխանություններին, նաև կփորձի պաշտպանել այն մարդկանց, որոնց նկատմամբ Հայաստանում քրգործեր են հարուցվել կամ հարուցվելու, «քանի որ նրանք Ռուսաստանի իշխանությունների հավատարիմ դաշնակիցներն էին»: «Իհարկե, զուտ տեսականորեն Մոսկվան կարող է նաև հրահրել Բաքվին՝ ագրեսիվ գործողություններ սկսել Ղարաբաղում», - նաև ասել է Նեչաևը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար և կալանավորվել է հուլիսի 27-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ նույն մեղադրանքով խափանման միջոց է ընտրվել 5 միլիոն դրամ գրավը: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել է հետախուզում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 31-ին ասել է, մասնավորապես, թե «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից»։