Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում 20 տարվա գյուղապետի դեմ բողոքի ալիք է բարձրացել։ 2016-ին առանց մրցակցի ընտրված գյուղապետին մի խումբ գյուղացիներ մեղադրում են չարաշահումների մեջ։ «Գյուղապետ Արմեն Պապոյանն ու իր երկու եղբայրները թալանում են մեզ», ասում էին նախօրեին գյուղապետարանում հավաքված գյուղացիները, ովքեր պատասխան են պահանջում Պապոյաններից ու նշում՝ այլևս չեն կարող հանդուրժել նրանց ամենաթողությունը։
Բողոքողներին հակադարձելու և հակառակն ապացուցելու համար գյուղապետարան էին եկել, ոչ միայն գյուղապետի երկու եղբայրները, որոնցից մեկն արդեն երկու տասնամյակ ավագանու անդամ է, այլև գյուղի այլ բնակիչներ, ովքեր պնդում էին, թե Պապոյանի 20 տարվա գործունեությունից գոհ են։
Դեռ անցած տարի մի խումբ գյուղացիներ բարձրաձայնել էին, որ գյուղում երկու տարի առաջ շահագործման հանձնված 200 միլիոն դրամ արժողությամբ ջրագիծը վատորակ խողովակներով և շինարարական նորմերի խախտումներով է կառուցվել, միջազգային ներդրումները փոշիացվել են, ինչի հետևանքով ջրագիծը պարբերաբար վթարվում է՝ 2000 բնակիչ ունեցող գյուղին թողնելով առանց խմելու ջրի, պնդում է գյուղի բնակիչներից մեկը՝ Արմեն Ավագյանը, ով դեռ 10 տարի առաջ գործող գյուղապետի դեմ իր թեկնածություն էր առաջադրել ու պարտություն կրել։
«Դրել են ամենաանորակ խողովակները, չեն լցրել պադուշկա, պեսոկ, դրա պատճառով մանր քարերը սեղմվել են խողովակի առաջ, ու խողովակները սեղմվել պայթել են: Օրը չորս կամ հինգ անգամ էդ դեպքը լինում էր: Անցած տարի նորից եկան փոխելու, նորից անցած տարի բարձրաձայնեցինք, բայց լուծում չստացավ»,- ասաց Ավագյանը:
Երկու տարի առաջ կատարված աշխատանքը բավարար համարելով՝ գյուղապետը շինարարից ընդունել է ջրագիծը։ Այսօր պնդում է, թե թերությունների համար պատասխանատու չէ, և որ շինարարն իր միջոցներով վերացնում է թերությունները։ Ըստ գյուղապետի, 15 կիլոմետրանոց ջրագծի երեք կիլոմետրանոց հատվածում են միայն թերություններ եղել։ Մասնավորապես, շինարարական կազմակերպությունը ջրախողովակն անցկացնելիս չի օգտագործել նախատեսված պաշտպանիչ ավազը։ «Արդեն շինարարի կողմից թերություններով հատվածը փոխարինվել է նորով, իսկ հիմա ուրախալի փաստն այն է, որ փոխարինված հատվածներում արդեն վթարները բացառվում են»,- ասաց գյուղապետը:
Թեև նա վստահեցնում էր, որ վթարները բացառվել են, գյուղացիներն իրենց տներում արդեն ջուր ունեն, բայց գյուղի կենտրոնի բնական աղբյուրից դույլերով ջուր տանող կանանցից մեկն էլ հենց գյուղապետի կինն էր։ Նա չպատասխանեց «Ազատության» հարցերին։
Գյուղացիների բողոքները լսելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով գյուղ էր այցելել Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով հաշվարկեց ու նշեց՝ շինարարը, փաստորեն, ավազի համար նախատեսված 17 միլիոնը յուրացրել է, իսկ գյուղապետարաննն աչք է փակել ու կատարված համարել աշխատանքը։ «Ֆիքսել ենք, որ աշխատանքն արվել է անորակ: Արվել է գումար տնտեսելու նպատակով թե ինչ, բայց անորակ: Դուք էլ պետք է հետևեիք, իրենց պարտադրեիք, որ անեն»,- դիմելով համայնքի ղեկավարներին, ասաց փոխմարզպետը:
Գյուղապետարանում հավաքվածներն այլ բողոքներ էլ ունեին․ մեկը դժգոհում էր, որ գյուղապետի ավագանու անդամ եղբայրն առանց իրեն տեղյակ պահելու սեփականացրել է գյուղի կենտրոնում գտնվող իր պապենական հողատարածքն ու խանութ կառուցել, մյուսն ասում էր, թե գյուղապետը դեռ 2010 թվականին տեղական բյուջեի հաշվին գրեթե 7 միլիոն դրամով երկրորդ ծառայողական մեքենան է ձեռքբերել։ Մեկ այլ գյուղացի էլ փաստեր էր բերում, թե գյուղապետը մոտ 100 հազար դրամով աշխատավարձով վարորդ է ընդունել աշխատանքի, որը, սակայն, երբեք վարորդի պարտականություններ չի կատարել։ Գյուղապետ Արմեն Պապոյանը հակադարձում էր՝ օրենք չի խախտել։ Գյուղացիները նաև մտահոգ են, որ ավագանու 7 անդամից 4-ը Պապոյանի ազգականներն ու մերձավորներն են, և նիստերը «ձևական բյութ են կրում»։
Մարզպետարանի ներկայացուցիչներն երեկ ուսումնասիրեցին գյուղապետարանի փաստաթղթերը, որոշ նկատառումներ հայտնեցին, նշեցին, թե դեռ կշարունակեն ստուգումներն ու եզրակացություն կանեն՝ ընդհուպ մինչև խախտումների մասին իրավապահներին հայտնելը։