Մատչելիության հղումներ

Գասպարին փորձում էր ՌԴ դրոշն ու Քոչարյանի նկարը փակցնել ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների դռներին


Ակտիվիստ Վարդգես Գասպարին ՀՀԿ գրասենյակի մոտ, Երևան, 1-ը օգոստոսի, 2018թ․
Ակտիվիստ Վարդգես Գասպարին ՀՀԿ գրասենյակի մոտ, Երևան, 1-ը օգոստոսի, 2018թ․

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին չորեքշաբթի երեկոյան ի նշան բողոքի Հայաստանի երկրորդ նախագահի դիմանկարը և Ռուսաստանի Դաշնության դրոշը փորձեց փակցնել Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դատապարտած Հանրապետական (ՀՀԿ) և Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների գրասենյակների դռներին։

Նրա համոզմամբ՝ այդ քաղաքական ուժերը Հայաստանում ոչ մի հետևորդ չունեն ու այդ պատճառով էլ Ռուսաստանի աջակցությանն են դիմել։ Ըստ Գասպարիի՝ ապացույցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն է, թե «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից»։ Թեև Լավրովը իր հայտարարությունում որևէ քաղաքական գործչի անուն չէր նշել, սակայն հայաստանյան վերլուծաբանները վստահ են՝ այն վերաբերում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող և երկու ամսով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին:

«Քանի որ ՀՀԿ-ն չունի ընդամենը Հայաստանում մեկ կողմնակից, ինքը ապավինում է ռուսական կայսրությանը, որ իրան ապավեն կանգնեն, իրան աջակցեն: Սա է այս մեկուսացված, վտարված, հայ հասարակությունից վտարված կուսակցության դիմագիծը: Ես դրանով եկել եմ ցույց տալու, որ այստեղ ՀՀԿ-ն ինքը, ուրեմն, ռուսական կայսրության ընդամենը մի փոքրիկ գործակալ է, ուրիշ ոչինչ», - ասաց Վարդգես Գասպարին:

Հանրապետական կուսակցության շենքի անվտանգության աշխատակիցը փորձեց թույլ չտալ ակտիվիստին իրականացնել բողոքի ակցիան:

Ակցիան շարունակվեց ՀՅ Դաշնակցության գրասենյակի մոտ, որտեղ նույնպես Գասպարիին թույլ չտվեցին փակցնել երկրորդ նախագահի նկարը և Ռուսաստանի դրոշը։ «Դուք վիրավորական եք համարո՞ւմ, որ Ռուսաստանի դրոշը փակցվի ձեր մուտքին: Իսկ Ռուսաստանի հովանավորությունը անպատվաբեր չի՞: Քոչարյանի նկարի հետ դեմ ե՞ք, որ փակցնեմ», - հարցնում էր ակտիվիստը:

«Ռուսական դրոշը լավ կպահեք, կփայփայեք, այն կդնեք ձեր բարձի տակ, կքնեք՝ նա է ձեր ապավենը, Հայաստանում տեղ չունեք դուք», - հայտարարեց Գասպարին:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի արտգործնախարարը ինքնակամ նման հայտարարություն չէր անի: «Անհրաժեշտ էր հայաստանյան ինչ-որ խրտվիլակներ, էսպես մի տզտզային, որպեսզի Լավրովը իրան թույլ տար նման հայտարարություն անել: Սա է գործակալ, ժողովրդի մեջ տեղ չունեցող կուսակցության՝ 120-ամյա թե, չգիտեմ, 130-ամյա կուսակցությունը, թող այսպես էլ մնան, իրենց, ուրեմն, ռուսական կայսրության ստվերի տակ ապրեն», - ասաց քաղաքացիական ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG