Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց թուրք նախարարների նկատմամբ


Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս, արխիվ

Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականով Միացյալ Նահանգները ժամեր առաջ պատժամիջոցներ սահմանեց թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Արդարադատության նախարար Սբդուլհամիդ Գյուլի և Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հանդեպ` ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկման համար: Ըստ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի, թուրք նախարարների` Նահանգներում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, ամերիկացիներին էլ կարգելվի նրանց հետ փոխգործակցության մեջ մտնել:

«Նախագահը ուշադրությամբ հետևել է Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք չենք տեսել որևէ ապացույց, որ պաստոր Բրանսոնը որևէ անօրինական քայլ է արել, և կարծում ենք, որ նա Թուրքիայի կառավարության կողմից իրականացված անարդար ու ապօրինի ազատազրկման զոհ է», - հայտարարեց Սանդերսը, հավելելով` պատժամիջոցներ են սահմանվել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք առանցքային դեր են ունեցել հոգևորականի ազատազրկման ու կալանքի հարցում:

Թուրքիայի իշխանությունները ամերիկացի 50-ամյա պաստորին ձերբակալել են ավելի քան մեկուկես տարի առաջ` Քրդական աշխատավորական կուսակցությանն ու գյուլենականներին աջակցելու մեղադրանքներով, որոնց ապացուցման դեպքում սպառնում է 35 տարվա ազատազրկում:

«Պաստոր Բրանսոնի անարդար կալանքը և շարունակական հետապնդումը թուրք պաշտոնյաների կողմից ուղղակի անընդունելի է», - հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հավելելով. - «Նախագահ Թրամփը ավելի քան հստակ ընդգծել է` Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Թուրքիան անհապաղ ազատ կարձակի նրան»:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն փաստել է` հոգևորականի ազատ արձակման հարցով բազմաթիվ զրույցներ են եղել նախագահներ Թրամփի ու Էրդողանի, իր ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև, սակայն` ապարդյուն: «Ըստ նախագահ Թրամփի, այս պատժամիջոցները համարժեք են ստեղծված իրավիճակին», - ասել է պետքարտուղարը: Պետդեպարտամենտի խոսնակն էլ տեղեկացրել է, որ Փոմփեոն և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել այս հարցի շուրջ և պայմանավորվել են հանդիպել այս շաբաթ Սինգապուրում կայանալիք Ասիական երկրների գագաթնաժողովի շրջանակներում:

Մինչ այդ, Թուրքիայի արտգործնախարարությունը Վաշինգտոնին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել` սպառնալով տալ համարժեք պատասխան: «Կասկած չկա, որ այս որոշումը, որը անհարգալից ձևով միջամտում է մեր դատական համակարգին, հակասում է թուրք֊ամերիկյան հարաբերությունների ոգուն և լրջորեն կվնասի երկու երկրների միջև առկա խնդիրները կարգավորելու կառուցողական ջանքերին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը` կոչ անելով ԱՄՆ վարչակազմին հրաժարվել այդ «սխալ որոշումից»: Արտոգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Թվիթերում գրել է`« մեր նախարարների նկատմամբ պատժամիջոցներն անպատասխան չեն մնա»:

Ավելի վաղ` այս շաբաթասկզբին, թուրքական դատարանը մերժել էր Բրանսոնին ազատ արձակելու միջնորդությունը, նախագահ Էրդողանն էլ ընդգծել էր` չեն ընկրկի, անգամ` պատժամիջոցների դեպքում:

Գերմանական DW հեռուստաընկերությունը պնդում է, թե իրականում Անկարան ուզում է Բրանսոնին փոխանակել Միացյալ Նահանգներում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում Էրդողանի վարչակազմը մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Արդեն երկու տարի է` Անկարան Վաշինգտոնից պահանջում է արտահանձնել նրան, Միացյալ Նահանգները, մինչդեռ, հորդորում է ներկայացնել վերջինիս մեղքը հավաստող ապացույցներ:

Ի դեպ, ամերիկյան պատժամիջոցների ֆոնին թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է` հասնելով դոլարի նկատմամբ պատմության մեջ ամենացածր ցուցանիշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG