Մատչելիության հղումներ

Վրաստանում մեկնարկեցին «Վեհանձն գործընկեր-2018» զորավարժությունները


Վրաստանում մեկնարկեցին «Վեհանձն գործընկեր-2018» զորավարժությունները, որոնց այս տարի մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև կառույցի հետ համագործակցող 13 պետությունների ավելի քան 3000 զինվորականներ: Մասնակից երկրների ու զինվորների թվով այս տարվա վարժանքներն աննախադեպ են, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, փաստելով՝ Վրաստան են եկել զինվորներ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից և Ուկրաինայից:

«Ուժը համագորակցության մեջ է»՝ սա է մեր կարգախոսն ու նպատակը, հայտարարել է վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ընդգծելով՝ վարժանքներն անցկացվում են ոչ թե ընդդեմ ինչ-որ երկրի, այլ հանուն անվտանգության: Ի դեպ, հանդիսավոր բացմանը վարչապետից բացի ներկա էին նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Եվրոպայում ամերիկյան ուժերի փոխհրամանատար, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկին ու այլ երկրների բարձրաստիճան զինվորականներ :

«Մեկ անգամ չի ասվել, և ես էլ այսօր այս հարթակից ուզում եմ կրկին հայտարարել՝ միջազգային այս զորավարժությունները ուղղված չեն որևէ այլ երկրի դեմ և ծառայում են միայն տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը, ինչը, վստահ եմ, բխում է բոլոր ժողովուրդների շահերից»,- ասել է Բախտաձեն

Վրաստանի պաշտպանական գերատեսչությունն իր հերթին հատուկ հայտարարությամբ պնդել է՝ վարժանքների նպատակն է բարելավել զինվորների պաշտպանական ու հարձակողական հմտությունները, բարձրացնել Վրաստանի և գործընկեր երկրների զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև անվտանգ միջավայր և կայունություն ապահովել Սևծովյան տարածաշրջանում: Հաղորդվում է, որ զորավարժություններին գործի է դրվելու 450 միավոր ռազմատենիկա, որի մի մասը Վազիանիի ռազմակայան է հասցվել ծովով, ներգրավվելու է ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:

Զինվորականներին ու զինտեխնիկայի մի մասն ամերիկյան նավերը դեռ օրեր առաջ էին Վրաստան տեղափոխել Ռումինիայից՝ Կոնստանցայի մերձակայում գտնվող ռազմակայանից: Տեխնիկայի շարքում Վրաստան են բերվել Stryker զրահապատ մեքենաներ, Bradley հետևակի մարտական մեքենաներ, Abrams տանկեր, Apache և Black Hawk ռազմական ուղղաթիռներ: «Սա մեզ հնարավորություն կտա խորացնել կապերը և ամրապնդել համագործակցությունը»,- «Ռոյթերզին» ասել է Միացյալ Նահանգների ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Լենգյելն ու հավելել․ «Առաջիկա երկու շաբաթների ընթացքում մենք կզբաղվենք զինված ուժերի հրամանատարությամբ, վերահսկողությամբ, ռազմական ծրագրեր մշակելով, ինչն անհրաժեշտ է ցանկացած զինվորականի ցանկացած միջավայրում: Մենք այս երկրների զինվորականների հետ աշխատել ենք բազմազգ կոալիցաների կազմում՝ Աֆղանստանում, Իրաքում, և այլուր, ու շարունակում ենք այդ համագործակցությունն այսօր»:

Զորավարժություններն անցնում են Վրաստանի ու Եվրոպայում ամերիկյան զինուժի հրամանատարության ներքո: Ըստ սցենարի, զինվորները պետք է ռազմական գործողոթյուններ մշակեն՝ կայունություն պահպանելու, պաշտպանությունն ամրապնդելու ու ահրաժեշտ հակահարված տալու ուղղությամբ: Ընդ որում, զորավարժություններն անցկացվում են ռուս-վրացական հնգօրյա պատերազմի տասներորդ տարելիցից օրեր առաջ, և պատահական չէր, որ իր ելույթում նախագահ Մարգվելաշվիլին հատուկ անդրադարձավ դրան, ասելով․

«Այսօր դուք գտնվում եք մի երկրում, որի տարածքի 20 տոկոսը բացարձակապես ապօրինի ձևով օկուպացվել է մեր հարևան Ռուսաստանի կողմից: Բայց դուք նաև գտնվում եք մի երկրում, որի զինվորները պատրաստ են խաղաղ ճանապարհով վերականգնել իրենց հայրենքիի տարածքային ամբողջականությունը»:

Ռուսաստանի պաշտոնյաներն առայժմ որևէ մեկնաբանություն չեն արել այս թեմայով, մինչդեռ նախորդ տարիներին Մոսկվան քանիցս հայտարարել էր, թե այդ վարժանքները կարող են ապակայունացնել տարածաշրջանը: Ի դեպ, անցած տարի այս զորավարժությունների պատճառով խնդիրներ էին ի հայտ եկել Թբիլիսիի և Երևանի միջև, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը վերջին պահին անկնկալ կերպով հրաժարվել է մասնակցությունից, ինչը հիմք էր տվել ընդդիմադիներին՝ խոսել ռուսական կողմի հնարավոր ճնշումների մասին:

Այս տարի՝ նոր կառավարության օրոք, Հայաստանը որոշեց մասնակցել վրաստանյան այս վարժանքներին չորս հոգանոց սպայական կազմով, միաժամանակ, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ընդգծելով՝ զորավարժությունը «չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG