Մատչելիության հղումներ

Հայաստանն արձագանքում է Մոսկվայից հնչող հայտարարություններին


Հայաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ
Հայաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Հայաստանում իրավական պետության, արդարադատության անկախ համակարգի կայացումը և կոռուպցիայի դեմ պայքարը փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան՝ «Արմինֆո» լրատվական գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Բալայանի այս հայտարարությունը հետևեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա աղմկահարույց հայտարարությանը, որն աննախադեպ է հայ-ռուսական հարաբերությունների համար: Անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին, Լավրովը, մասնավորապես, նշել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։

«Արմինֆոյի» հարցին՝ Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները, Բալայանը պատասխանում է․ «Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։

Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Ռուսաստանի արտգործնախարարի այդ հայատարությունը միջամտություն է Հայաստան ներքին գործերին և ճնշման փորձ՝ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ: «Այդ հայտարարության բովանդակությունն այն չէ, ինչ որպես կանոն մենք լսում ենք Հայաստանի գործընկերներից՝ Հայաստանի ներքին խնդիրների շուրջ: Ցավոք՝ Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարարի, կոպիտ սխալ է թույլ տալիս ոչ միայն բացահայտորեն մեղադրելով և ակնարկելով Հայաստանում քաղաքական հետապնդումները, այլ նաև ցուցանելով, թե ինչպես պետք է վարվի Հայաստանի իշխանոթյունը»,- ասաց Սաֆարյանը:

2008 թ․ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ պաշտպանության նախարար հանդիսացող Միքայել Հարությունյանին և պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին երկրի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Քոչարյանը կալանավորված է, Հարությունյանը հետախուզման մեջ է, իսկ ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել է կալանավորումից:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Լավրովի հայտարարությունը նաև նշանակում է, որ Կրեմլը փորձում է Հայաստանի նոր ղեկավարության հետ շփվել այնպես, ինչպես հայաստանյան նախորդ վարչակազմերի օրոք էր՝ թելադրողի դիրքերից: «Սա իներցիա է նրանց քաղաքական վերնախավի կողմից, որոնք չեն հասկանում Հայաստանում փոխված իրողությունները, նոր իշխանությունների բաց և շիտակ կոչերը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել ինքնիշխանության հարգման վրա, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսեց Ռուսաստան կատարած իր այցելությունների, ՌԴ ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում: Տակավին շարունակվում է նախկին գործելաոճը»,- հավելեց Ստեփան Սաֆարյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, հայաստանյան հեղափոխությունից հետո Կրեմլում կարծում են, որ իրենց ազդեցությունը Հայաստանում նվազում է և անհանգստացած են, ու Լավրովի հայտատարությունը պետք է դիտարկել այդ համատեքստում: «Շատ մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատել են Ռուսաստանի հետ, հիմա հայտնվում են կասկածյալների, մեղադրյալների կարգավիճակում: Պարզ է, որ իրենք մտածում են, թե դա ինչ է նշանակում իրենց համար: Իմ կարծիքով սխալ էր, որ Ռուսաստանն արձագանքեց, դա միջամտություն է, դա ճնշում է մեր դատարանների վրա»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ վերլուծաբանի, Մոսկվայում մտահոգված են, որ այն մարդիկ, ում հետ իրենք աշխատում էին Հայասստանում, աստիճանաբար դուրս են գալիս ասպարեզից․ «Ռուսաստանի ազդեցությունն այստեղ տարբեր մեխանիզմներով էր իրականացվում՝ ռազմական համագործակցության, օլիգարխիայի և այլն: Հիմա Հայաստանում եկան իշխանության նոր մարդիկ, ու ավտոմատ, ակամա այդ կապերը կտրվում են: Օրինակ՝ այսօր Ռուսաստանի օլիգարխիայի և կրիմինալի ազդեցությունը Հայաստանում զրո է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG