Մատչելիության հղումներ

ԱԺ 41 պատգամավորներ նախաձեռնել են Ռոբերտ Քոչարյանին երաշխավորությամբ կալանքից ազատելու գործընթաց


Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշման դեմ բողոքն այսօր ներկայացվել է Վերաքննիչ դատարան, «Ազատությանը» փոխանցեց Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից, ամենայն հավանականությամբ, կքննվի յոթից տասը օրվա ընթացքում:

Ազգային ժողովի 41 պատգամավորներ այսօր հանդես են եկել անձնական երաշխավորությամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, այսօր ավելի վաղ «Ազատությանն» ասել էր Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հավելելով, որ գործընթացը դեռ շարունակվում է:

«Մեծամասնությունը Հանրապետական խմբակցության պատգամավորներն են, բայց գործընթացը դեռ ավարտված չի, այսինքն՝ այդ թերթիկը բաց է ստորագրության համար, էնպես որ՝ ես չեմ ուզում հիմա արդյունքներ ամփոփել, անհատական ազգանուններ հրապարակել: Սպասենք, թող ավարտվի ստորագրահավաքը, և արդեն արդյունքներով կարող եմ և՛ հայտարարել, և՛ հրապարակել, էդտեղ որևէ գաղտնիք չկա», - նշեց Սողոմոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ դատարան ներկայացվելիք երաշխավորությանը միացել են նաև Ազգային ժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանն ու փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը:

Տասը տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը հինգ օր առաջ երկու ամսով կալանավորվեց 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Խորհրդարանական չորս խմբակցություններից երկուսը՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը մտահոգություն էին հայտնել երկրորդ նախագահի կալանավորման առնչությամբ:

Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանն «Ազատությանը» տեղեկացրել էր, որ երկրորդ նախագահը պահվում է նույն պայմաններում, ինչ մյուս կալանավորները, բայց իր խնդրանքով՝ առանձին խցում է: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավարն այսօր արձագանքեց մամուլում տարածված տեղեկություններին, որ Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում հատուկ պայմաններ է ցանկանում ունենալ․ «Խոսքն ընդամենը իր ինքնակենսագրական գրքի համար պահանջվող համակարգչի մասին է, այլ բաներ ինձ հայտնի չեն»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ չէր բացառել, որ «Հանրապետական» խմբակցությունը սկսելու է ստորագրահավաք՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ նախաձեռնած ստորագրահավաքի մասին հարցեր ուղղել այսօր չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG