Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուսական ռազմականացված ընկերության գործունեությունը ուսումնասիրող երեք ռուսաստանցի լրագրողներ են սպանվել։
Ռուսական «Հետաքննական վերահսկողական կենտրոն» առցանց լրատվական կազմակերպությունը Ֆեյսբուքում գրել է, որ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն էին մեկնել վավերագրական ֆիլմ նկարահանելու "ЧВК Вагнер" մասնավոր ընկերության մասին, որը հարյուրավոր վարձկանների է ներգրավել, ըստ հաղորդումների՝ Արևելյան Ուկրաինայում, Սիրիայում և այլուր Կրեմլի օգտին գաղտնի մարտական առաքելություններ իրականացնելու համար:
Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: «Մեր անկեղծ ցավակցությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում զոհված լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հուսով ենք՝ բոլոր մեղավորները հնարավորինս շուտ կպատժվեն», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: